«Վրացական երազանքի» հանրահավաքին մասնակցել է մոտ 150 հազար մարդ. Ղարիբաշվիլի

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել է՝ հոկտեմբերի 27-ին «Վրացական երազանքի» հրավիրած հանրահավաքին մասնակցել է մոտ 150 հազար մարդ։ 

Այսօր լրագրողների հետ զրույցում Ղարիբաշվիլին հանրահավաքը գնահատել է հաղթական, իսկ հարցին, թե ինչու է այն այդքան շուտ ավարտվել, նշել է․ 

«Մոտ 150 հազար մարդ էր երեկ փողոց դուրս եկել։ Որքան էլ սուտ ասեք, ամբողջ աշխարհը տեսել է մեր ժողովրդի ուժը, դուք ստիպված եք լինելու ենթարկվել մեր ժողովրդի որոշմանը»։

Հիշեցնենք, որ երեկ՝ հոկտեմբերի 27-ին, «Վրացական երազանք»-ը Ազատության հրապարակում հանրահավաք է անցկացրել։ 

Հատկանշական է, որ հանրահավաքի օրը լրատվամիջոցներում մի շարք տեսանյութեր են տարածվել, որտեղ քաղաքացիներն ասում են, թե որոշակի գումար են ստացել մասնակցելու համար։ Իշխող կուսակցությունից այս տեղեկությունը հերքել են։ 

Երեկ երեկոյան «Վրացական երազանքի» առաջնորդներից Մամուկա Մդինարաձեն լրագրողներին ասել է, որ հստակ չգիտի, թե որքան կարժենա հանրահավաքը, սակայն կուսակցությունը մոտ ապագայում այդ տեղեկությունը կտրամադրի աուդիտի ծառայությանը։

Նորայր Միսկարյան, «Ալիք մեդիայի» ստաժոր