Իշխող «Վրացական երազանք»-ի մի խումբ անդամներ լքել են կուսակցությունը և միացել «Եվրոպական Վրաստան»-ին: Այս մասին տեղեկացնում են «Եվրոպական Վրաստան»-ից՝ հստակեցնելով, որ այդ թվում են կուսակցության Ռուսթավիի, Գարդաբանիի և Ծալկայի շրջանային մի խումբ ազդեցիկ ներկայացուցիչներ:
«Եվրոպական Վրաստան»-ի առաջնորդներից Գիգի Ուգուլավան այս մասին հրավիրած հատուկ մամուլի ասուլիսում հայտարարել է, որ Ռուսթավիում, Գարդաբանիում, Դմանիսիում, Ծալկայում և Մառնեուլիում «Վրացական երազանք»-ի մի խումբ հիմնադիրներ, համակարգողներ, շրջանային ղեկավարներ ու ակտիվիստներ լքել են «Վրացական երազանք»-ը։ Նրա խոսքով, վերջիններս միանալով «Եվրոպական Վրաստան»-ին, հրաժարվում են աշխատել Սալոմե Զուրաբիշվիլիի նախընտրական քարոզարշավի համար:
«Սալոմե Զուրաբիշվիլիի նախագահ դառնալը, ձեր յուրաքանչյուրի համար, ով աշխատում է «Վրացական երազանք»-ում, փոխզիջում է սեփական խղճի հետ: Շատ ուրախ եմ, որ դա գիտակցելով, շատերն են միանում «Եվրոպական Վրաստան»-ին: Մենք տեղեկություններ ունենք, որ շրջաններում «Վրացական երազանք»-ի շտաբներ չեն մնացել, որտեղ դիմադրություն չլինի Սալոմե Զուրաբիշվիլիի թեկնածությունը պաշտպանելու հետ կապված»,-ասել է Ուգուլավան: