Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախկին վարչապետ, այժմ ընդդիմադիր «Վրաստանի համար» կուսակցության առաջնորդ Գիորգի Գախարիային նախկին թիմակից Մամուկա Մդինարաձեն հիշատակել է որպես «գործակալների մաս»:
Խորհրդարանական մեծամասնության առաջնորդ Մամուկա Մդինարաձեն կուսակցությունում ճեպազրույց է անցկացրել՝ խոսելով Գախարիայի և ընդդիմության այլ առաջնորդների մասին։
««Վրացական երազանք»-ի կառավարությունում առանցքային պաշտոններում գտնվելու ընթացքում նա (Գախարիան-հեղ.) բազմիցս փորձել և միտումնավոր վնասել է կառավարության իմիջը, ինչն ակնհայտորեն արել է երկրից դուրս ստացած առաջադրանքին համապատասխան»,- Գախարիայի մասին ասել է Մդինարաձեն։
Խորհրդարանական մեծամասնության առաջնորդը հիշեցրել է Գախարիայի՝ ներքին գործերի (ՆԳ) նախարարի պաշտոնավարման ընթացքում իրականացված հատուկ գործողությունները։ Դրանց թվում՝ գիշերային ակումբներում հատուկ գործողությունները, «Գավրիլովի գիշեր»-ի գործողությունները, ինչպես նաև ՀԷԿ-ի կառուցման հետ կապված գործողությունները։ Այս հատուկ գործողությունների պատճառով ՆԳՆ-ն քննադատության էր արժանացել քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների կողմից։
Մդինարաձեն պնդել է, թե «այստեղ Գախարիայի համար գլխավոր խնդիրը կառավարությանն ու ոստիկանությանը վարկաբեկելն էր, ինչը նա հաջողությամբ արեց այդ փուլում»։ Սակայն, չնայած հանրային քննադատությանը, Գախարիան այս հատուկ գործողություններն իրականացնելուց հետո նշանակվեց վարչապետ:
Գախարիան արձագանքել է «Վրացական երազանքի» գործադիր քարտուղարի հայտարարությանը։ Նրա խոսքով, Մդինարաձեն մոլորեցնող հայտարարություններ է արել:
Ըստ Գախարիայի՝ տեքստը, որն ընթերցել է Մդինարաձեն, գրել է իշխող թիմի պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլին։ Գախարիան նշել է՝ իշխող թիմը «մտնում է շատ վտանգավոր դաշտ», իսկ «հիստերիան», որին բախվում է «Վրացական երազանք»-ը, ուղղակիորեն վկայում է «Վրաստանի համար» կուսակցության աճող աջակցության մասին։