«Վրացական երազանքի» առաջնորդներից Շալվա Պապուաշվիլիի խոսքով, իշխող կուսակցությունը նախատեսում է հետ կանչել սահմանադրական փոփոխությունների նախագիծը, որը ընտրական շեմը 5 տոկոսից իջեցնում է 3 տոկոսի և թույլ է տալիս ստեղծել չորս հոգանոց խմբակցություններ: Պապուաշվիլիի խոսքով՝ նոր օրինագիծը համահունչ կլինի Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ մշակված փաստաթղթին:
«Գիտեք, որ ապրիլի 19-ի համաձայնագիրը վերաբերում է մի շարք հարցերի, որոնք պահանջում են փոփոխություններ Սահմանադրության մեջ: Դրանք են` ընտրությունների շեմը և գլխավոր դատախազի ընտրության կարգը: Դա նաև հնարավորություն կտա ստեղծել չորս հոգանոց խմբակցություններ», — ասել է Պապուաշվիլին:
Ըստ նրա՝ ընդդիմության հետ քննարկելուց հետո կորոշվի, թե որն է լինելու խորհրդարանական ընտրությունների նվազագույն շեմը:
Հիշեցնենք, որ ապրիլի 19-ին Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ իշխող կուսակցության և ընդդիմության մեծ մասի միջև համաձայնություն ձեռք բերվեց: Համաձայնագրով 5 տոկոսանոց շեմը պետք է նվազի, խորհրդարանում հնարավոր լինի ստեղծել 4 հոգանոց խմբակցություններ, իսկ գլխավոր դատախազ նշանակելու կանոնները փոխվի:
Ծանոթացեք նաև՝
ՏԻՄ ընտրությունները, որպես հանրաքվե. ի՞նչ է սպասվում աշնանը Վրաստանում