Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կոռումպացված կուսակցությունը Ռուսաստանի կողքին է: Այդ մասին X սոցիալական ցանցում գրել է նախկին կոնգրեսական Ադամ Քինզինգերը:
«Վրացիները նավը ուղղելու (նկատի ունի ճիշտ ուղղությամբ շարժվելու-հեղ.) հնարավորություն ունեն: Եթե դա չանեն, վախենում եմ, Վրաստանը կկորչի։
Վրաստան, հաղթի՛ր «Վրացական երազանք» կուսակցությանը: Վերցրե՛ք երկիրը կոռումպացված Իվանիշվիլիից: ԱՄՆ կառավարությունը պետք է պատժամիջոցներ սահմանի նրա դեմ»,- գրել է Քինզինգերը:
Ընդգծենք. չնայած միջազգային գործընկերների կոչերին, մայիսի 28-ին Վրաստանի խորհրդարանը հաղթահարեց նախագահի վետոն «գործակալների օրենքի» վերաբերյալ։ Սույն օրենքն օտարերկրյա ազդեցության շահերի կրողներ է հռչակում բոլոր այն հասարակական և լրատվական կազմակերպություններին, որոնք ֆինանսավորում են ստանում երկրի ռազմավարական գործընկերներից։ Որոշ հասարակական և լրատվական կազմակերպություններ ասում են, որ իրենք չեն գրանցվի զրպարտության գրանցամատյանում և կօգտագործեն բոլոր օրինական լծակները։
Հիշեցնենք. ավելի վաղ Վրաստանում Եվրամիության դեսպան Պավել Հերչինսկին հայտարարել է՝ «գործակալների օրենքի» ընդունման պատճառով Եվրամիությունը սառեցրել է Վրաստանի համար նախատեսված 30 միլիոն եվրոյի օգնությունը, որը պետք է փոխանցեր EPF-ից:
Ամերիկայի Միացյալ Նահանգներն անորոշ ժամանակով հետաձգել է Վրաստանի հետ նախատեսված «Արժանի գործընկեր» (Noble Partner) զորավարժությունները։ Ըստ Վաշինգտոնի` պատճառը Վրաստանի հետ հարաբերությունների քաղաքականության վերանայումն է։