«Վրացական երազանք»-ի խորհրդարանը նախատեսում է գարնանային նստաշրջանի առաջին շաբաթվա ընթացքում ստեղծել ժամանակավոր խորհրդարանական հանձնաժողով, որը կուսումնասիրի ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժման» (ՄԱՇ) 2003-2012 թվականների «համակարգային հանցագործությունները»։
«Վրացական երազանք»-ը, որն, ըստ փորձագետների՝ բազմիցս հանցագործություններ է կատարել քաղաքացիների, ցուցարարների նկատմամբ և քաղբանտարկյալներ է պահում, ցանկանում է «բացահայտել» նախորդ իշխանությունների օրոք բռնության դեպքերը։
Իշխող կուսակցության գրասենյակում կայացած ճեպազրույցում Մամուկա Մդինարաձեն նախորդ իշխանություններին անվանել է «արյունոտ ռեժիմ»։ Մդինարաձեի խոսքով, հանձնաժողովը կուսումնասիրի.
- բանտերում բանտարկյալների նկատմամբ խոշտանգումների դեպքերը,
- սպանության, բռնության և անձնական կյանքի ներխուժման դեպքերը,
- կոռուպցիա և ճնշում բիզնեսի վրա, լրատվամիջոցների յուրացում,
- «2008 թվականի օգոստոսյան պատերազմը սկսելու մասին խոստովանություն», «ռազմական հանցագործությունների համար վրաց զինվորականների հանդեպ մեղադրանքները»։
Մդինարաձեն նշել է, որ «2008 թվականի պատերազմի գործի հետաքննության թիրախները չեն լինելու ռազմական հրամանատարներն ու զինվորները»։
Ուշագրավ է, որ «Վրացական երազանք»-ը Ռուսաստանի սանձազերծած օգոստոսյան պատերազմը սկսելու մեջ բազմիցս մեղադրել է Վրաստանի՝ այդ տարիներին իշխող ՄԱՇ-ին և նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին։
«Ժամանակավոր քննչական հանձնաժողովը կկանչի և կհարցաքննի ռեժիմի պաշտոնյաներին, ինչպես նաև ցանկացած այլ անձի, ով կարող է մեղադրվել ռեժիմի կողմից կատարված հանցագործությունների մեջ կամ ով կարող է արժեքավոր տեղեկություններ ունենալ այդ հանցագործությունների մասին», — ասել է Մդինարաձեն։
Ըստ նրա՝ հանձնաժողովը կաշխատի 6 ամիս և հաշվետվություն կպատրաստի։ «Վրացական երազանք»-ի վիճահարույց խորհրդարանը նախատեսում է այն քննարկել սեպտեմբերի առաջին շաբաթվա ընթացքում։
Հիշեցնենք. 2024 թվականի օգոստոսի 7-ին լրացավ 2008 թվականի օգոստոսյան պատերազմի մեկնարկի 16 տարին։ Վերջին մեկ տարվա ընթացքում «Վրացական երազանք»-ն ավելի հաճախ է խոսում ՄԱՇ-ի կառավարության պատասխանատվության մասին։
«Մենք ընդամենը ակնարկել ենք 2008 թվականին Ազգային շարժման կատարած հանցագործությունը, որն ուներ իր օբյեկտիվ պատճառը… Այս գործընթացում մենք լինելու ենք հայցվորը, իսկ Ազգային շարժումը կոլեկտիվ պատասխանատվության է ենթարկվելու երկրի և ժողովրդի դեմ կատարած դավաճանական հանցագործության համար», — պատերազմի 16-րդ տարելիցին հայտարարեցին «Վրացական երազանք»-ում։
Ավելի ուշ՝ 2024 թվականի սեպտեմբերի 27-ին, «Վրացական երազանք»-ի վարչապետ Իրակլի Կոբախիձեն Սաակաշվիլիին մեղադրեց պատերազմ սկսելու մեջ։
2008 թվականի պատերազմում զոհվել է Վրաստանի 228 խաղաղ բնակիչ և 14 ոստիկան։ Պաշտպանության նախարարության վերջին տվյալներով` զոհվել է 169 զինծառայող։ Պատերազմի ընթացքում վիրավորվել է 1747 մարդ։ Գրեթե 150 հազար մարդ լքել է իր տները, իսկ նրանցից 30 հազարը ներքին տեղահանված է։
2008 թվականի օգոստոսյան պատերազմի արդյունքում Վրաստանը կորցրեց վերահսկողությունը 189 գյուղերի նկատմամբ, որոնցից 125-ը դեռ գտնվում են Ռուսաստանի օկուպացիոն ռեժիմի ներքո։