«Վրացական երազանք»-ի առաջնորդներից Արչիլ Թալակվաձեն կուսակցությունում տեղի ունեցածը համարում է դժվար վերակազմավորման գործընթաց։
Նկատենք, որ վերջին շրջանում իշխող կուսակցությունը լքեցին մի շարք պատգամավորներ՝ «Վրացական երազանք»-ին զրկելով սահմանադրական մեծամասնություն լինելուց։
Թալակվաձեի խոսքով այսօր օրակարգում են մի շարք լուրջ քաղաքական հարցեր, որոնց վերաբերյալ իշխող թիմը պետք է համապատասխան որոշում կայացնի:
«Սա ավելի շատ կառավարող կուսակցության պատասխանատվությունն է, հենց սրա հետ կապված կան տարբեր դիրքորոշումներ և փաստարկներ: Հնարավոր է, սա դժվար վերակազմավորման ժամանակահատված է, սակայն «Վրացական երազանք»-ը խորհրդարանում ունի հստակ մեծամասնություն, ինչը կպահպանի մինչև հաջորդ խորհրդարանական ընտրություններ»,- հայտարարել է Թալակվաձեն:
Հիշեցնենք՝ իշխող «Վրացական երազանք» կուսակցությունում առկա անհամաձայնությունները հիմնականում կապված են գերագույն դատարանի դատավորների ընտրության հետ, որի պատճառով մեծամասնությունը լքեցին Էկա Բեսելիան, Լևան Գոգիչաիշվիլին, Բեքա Նացվլիշվիլին: Հավանաբար այսօր իր հեռանալու մասին կհայտարարի նաև Գեդևան Փոփխաձեն:
Վրաստանում հաջորդ խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն 2020 թվականին։