
«Վրացական երազանքի» գործադիր քարտուղար Իրակլի Կոբախիձեն խոսել է իշխող կուսակցության առաջիկա ծրագրերի վերաբերյալ: Նրա խոսքով՝ հուլիսին արդեն «Վրացական երազանքը» կներկայացնի մեծամասնական պատգամավորների թեկնածուներին:
Կոբախիձեն լրագրողների հետ զրույցում նշել է նաև, որ լիարժեք նախընտրական քարոզարշավը կմեկնարկի հուլիս ամսին:
«Հուլիսին մենք արդեն կներկայացնենք մեծամասնական պատգամավորների թեկնածուներին: Սա կլինի որոշված մեր քաղխորհրդի կողմից և հուլիսից արդեն պատգամավորության թեկնածուները կսկսեն ակտիվ հանդիպումներ անցկացնել բնակչության հետ: Հետևաբար լիարժեք նախընտրական քարոզարշավը կմեկնարկի հուլիսին: Սա մեր ծրագիրն է»,- հայտարարել է Կոբախիձեն:
Հիշեցնենք, որ սահմանադրական փոփոխությունների կյանքի կոչման դեպքում 2020 թվականին Վրաստանի խորհրդարանը կունենա մեծամասնական կարգով ընտրված 30 պատգամավոր՝ նախկին 73-ի փոխարեն: