«Շեցվալե» (թարգմն․ «փոխիր») շարժման անդամները Թբիլիսիի սակրեբուլոյի (ավագանի) հարակից տարածք, որտեղ են ցույց են անցկացնում, աղբաման են տարել: Աղբամանում ցույցի մասնակիցները փակցրել են սակրեբուլոյի այն անդամների լուսանկարները, ովքեր նիստի ընթացքում մասնակցել են ավագանու անդամ Լևան Խաբեիշվիլիին ծեծի ենթարկելուն:
«Աղբամանը խորհրդանշական է, այստեղ հայտնվել են Բիձինա Իվանիշվիլին և «Վրացական երազանքի» պատգամավորները: Սա ձեր վերջն է: «Վրացական երազանքը» քաղաքական աղբամանի է վերածվել»,- հայտարարել են ցույցի մասնակիցները:
Ցույցի մասնակիցները վանկարկում են «Ստրուկներ, ստրուկներ»:
Նրանց պահանջն է, որ կուսակցության հիշյալ անդամները զրկվեն պատգամավորական մանդատից և լքեն իշխող կուսակցության շարքերը:
«Շեցվալե» շարժման անդամները պահանջում են սակրեբուլոյի ղեկավարի հետ հանդիպում, այդ նպատակով նրանցից մի քանիսին հաջողվել է մուտք է գործել սակրեբուլոյի շենք: Րոպեներ անց, սակայն, նրանք վերադարձել են շենքի հարակից տարածք՝ հայտարարելով, որ իրենց թույլ չեն տվել մուտք գործել շենք:
Հիշեցնենք՝ հունվարի 24-ին Թբիլիսիի սակրեբուլոյում (քաղաքային խորհուրդ) սպորտի, կրթության և վերահսկիչ հանձնաժողովի նիստում սկսված վիճաբանությունը ծեծկռտուքի էր վերածվել: Ծեծել էին ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունից Սակրեբուլոյի պատգամավոր Լևան Խաբեիշվիլիին: Ծեծկռտուքն սկսվել էր այն բանից հետո, երբ սակրեբուլոյի մեծամասնական պատգամավորները ընդդիմադիր կուսակցության ներկայացուցիչ Լևան Խաբեիշվիլիին մեղադրել են վիրավորանք հասցնելու մեջ:
Վիճաբանությունը ծեծկռտուքի էր վերածվել, մեծամասնական պատգամավոր Թարաշ Շուրղայան աթոռով հարվածել է Խաբեիշվիլիի գլխին: Լևան Խաբեիշվիլին գլխի հատվածում ծանր վնասվածքներ է ստացել: Նիստի աշխատանքները դադարել էին: