«Վրացական երազանքը» մերժել է Ուկրաինայի Ռադայի՝ փետրվարի 24-ին Ուկրաինա Ռուսաստանի ներխուժման տարելիցի կապակցությամբ Կիև այցելելու հրավերը։ Տեղեկացնում է Վրաստանի ընդդիմադիր «Ռազմավարությունը Աղմաշենեբելի» կուսակցության առաջնորդ, պատգամավոր Գիորգի Վաշաձեն։
Վաշաձեն փաստն անվանել է ցնցող և ասել, որ ղեկավար թիմը թաքցրել է Վրաստանի խորհրդարանին հասցեագրված հրավերը։
Հարկ է նշել, որ տեղեկությունը հաստատել է «Վրացական երազանքի» պատգամավոր Իրակլի Զարքուան։
«Այո, մեր պատվիրակության որոշ անդամներ հրավիրված են փետրվարի 24-ին, սակայն մերժել ենք այն»,- ասաց Զարքուան։
Նրա խոսքով, ղեկավար թիմը հրաժարվել է մեկնել Կիև՝ 2 պատճառով.
- «Ուկրաինայի բարձրաստիճան պաշտոնյաները կոչ են անում Վրաստանին բացել երկրորդ ճակատը»,
- «Միխեիլ Սաակաշվիլիին (Վրաստանի երրորդ նախագահ, այժմ անազատության մեջ է -խմբ.) համարում են քաղբանտարկյալ»:
Ըստ Զարքուայի՝ այդ ամենը տեղ չի թողնում դիվանագիտական հարաբերությունների համար: Նաև հավելել է՝ չնայած դրան՝ իշխող թիմը կանգնած է ուկրաինացի ժողովրդի կողքին, իսկ Վրաստանը աջակցում է Ուկրաինային միջազգային տարբեր ձևաչափերում։