«Վրացական երազանքը» չեղարկում է ԿԸՀ խորհրդատվական խորհուրդը

2024 թվականի հոկտեմբերի 26-ի խորհրդարանական ընտրություններից 5 ամիս առաջ իշխող կուսակցությունը հայտարարեց «Ընտրական օրենսգրքում» հերթական փոփոխության մասին։ Մայիսի 30-ին խորհրդարանն իշխող կուսակցության ներկաների թվով` 80 ձայնով միաձայն, երրորդ ընթերցմամբ ընդունեց «Ընտրական օրենսգրքի» փոփոխությունները։ Օրինագծի համաձայն, որի հեղինակները խորհրդարանական մեծամասնության անդամներն են, փոխվում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) նիստում որոշումների ընդունման կարգը, և վերացվում է խորհրդատվական խորհուրդը։

Իշխող կուսակցության նախաձեռնության համաձայն՝ «Ընտրական օրենսգրքի» 8-րդ հոդվածը համալրվել է 4-րդ պրիմա կետով` հետևյալ բովանդակությամբ. եթե ԿԸՀ նիստում քվեարկության արդյունքում չընդունվի ԿԸՀ որոշումը, որի համար ԿԸՀ-ի ամբողջական կազմի առնվազն 2/3-ի (12 անդամի) հավանությունն է անհրաժեշտ, ապա նույն հարցի որոշումը ԿԸՀ-ում կրկին քվեարկության կդրվի նույն նիստում: Այս դեպքում ԿԸՀ-ի հիշյալ որոշումը կհամարվի ընդունված, եթե որոշումը պաշտպանի ԿԸՀ-ի ամբողջական կազմի մեծամասնությունը (9 անդամ):

Ըստ օրենքի նախագծի բացատրական քարտի՝ սա, այսպես կոչված՝ հակափակուղային մեխանիզմ է նման դեպքերի կարգավորման համար։ Նշվում է նաև, որ այս փոփոխությունը կնպաստի ԿԸՀ-ի արդյունավետ գործունեությանը և կկանխի նրա գործունեության խաթարումը։

Փոփոխություն է կատարվել նաև «Ընտրական օրենսգրքի» 9-րդ հոդվածի 4-րդ կետում, ըստ որի սահմանվում է, որ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի ժամանակավոր անդամի, ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի օժանդակ կամ տեխնիկական անձնակազմի անդամի, տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամի գործունեությունը և (կամ) վարձատրությունը չեն կարող ազդել նրա՝ սոցիալապես անապահով ընտանիքների տվյալների միասնական բազայում գրանցման, սոցիալական նպաստի և (կամ) պետական ​​նպաստի, զբաղվածության խրախուսման պետական ​​ծրագրին և (կամ) ենթածրագրին մասնակցության վրա:

Օրինագիծը նաև վերացնում է ԿԸՀ խորհրդատվական խումբը, որը, Վրաստանի «Ընտրական օրենսգրքի» համաձայն, ստեղծվում է ընտրությունների ժամանակ՝ ընտրությունների օրվա նշանակումից հետո 10 օրվա ընթացքում։ Ըստ բացատրական քարտի՝ ԿԸՀ խորհրդատվական խմբի չեղարկման նպատակահարմարությունը հաստատում է առկա գործնական փորձը, որը հստակ ցույց է տվել, որ այդ խումբը, որը բաղկացած է Վրաստանի հանրային պաշտպանի գրասենյակի ներկայացուցչի և դիտորդություն իրականացնող կազմակերպությունների ընտրած միջազգային և/կամ տեղական փորձագետներից, ըստ էության` չի գործում, ինչը հիմնականում պայմանավորված է այս խմբի գործունեությանը դիտորդական կազմակերպությունների չմասնակցելու ցանկությամբ։

ԿԸՀ խորհրդատվական խմբի ստեղծումը «Ընտրական օրենսգրքում» արձանագրվել է 2021 թվականին: Խումբը պետք է ունենա ոչ պակաս, քան 9 և ոչ ավելի, քան 15 անդամ: Խորհուրդն ընտրական վեճերի վերաբերյալ առաջարկություններ է ներկայացնում ԿԸՀ։

Նշենք, որ ներկայացված փոփոխությունը չի համապատասխանում 2021 թվականի ապրիլի 19-ի քաղաքական համաձայնագրի («Շառլ Միշելի համաձայնագիր») արդյունքում ձեռք բերված կուսակցական և մասնագիտական հիմքով ընտրված անդամների հավասարակշռության տրամաբանությանը։

Նշված փոփոխությունները վերաբերում են ԿԸՀ որոշումներին, որոնց ընդունման համար գործող օրենքով անհրաժեշտ էր ձայների 2/3-ի հավանությունը։ Նոր խմբագրության արդյունքում որոշում կայացնելու համար կբավականացնեն միայն 8 պրոֆեսիոնալ անդամների և իշխող կուսակցության ներկայացուցչի ձայները։ Սա նշանակում է, որ տարբեր ընդդիմադիր կուսակցությունների մասնակցության աստիճանը որոշումների կայացման գործընթացին զգալիորեն նվազում է։

«Վրաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի» գնահատմամբ՝ «օրենսդրական այս վատթարացումների ֆոնին, չհիմնավորելով անհրաժեշտությունը, անտեսելով միջազգային կազմակերպությունների առաջարկությունները՝ ընտրություններից կարճ ժամանակ առաջ, «Վրացական երազանքի» անդամների նախաձեռնած փոփոխությունները ևս մեկ քայլ են դեպի գործող օրենսդրական կարգի վատթարացում։ Առաջարկվող փոփոխությունը դե ֆակտո բացառում է ընդդիմության ներգրավվածությունը որոշումների կայացման գործընթացում և էապես մեծացնում է կասկածն ընտրական վարչակազմում իշխող կուսակցության անազնիվ ազդեցության վերաբերյալ։ Փոփոխությունն էլ ավելի է նվազեցնում հանրության և ընդդիմադիր քաղաքական կուսակցությունների վստահությունը ընտրական վարչակազմի նկատմամբ»:

Ընդդիմությունը պնդում է, որ ԿԸՀ-ն չի ապահովել խորհրդի որակյալ և վստահելի մարդկանց կոնսենսուսի հիման վրա ընտրություն։

«Վրաստանի համար» կուսակցության անդամ Նաթիա Մեզվրիշվիլիի խոսքով, նշված փոփոխություններն ընտրությունները կեղծելու ուղղությամբ ևս մեկ քայլ են։ «Վրացական երազանքը» նախաձեռնեց փոփոխություններ «Ընտրական օրենսգրքում», ինչը ևս մեկ քայլ է ընտրությունների կեղծման ուղղությամբ և առաջին գործնական քայլն է՝ ընտրություններն առանց արտաքին դերակատարների դիտարկման անցկացնելու ուղղությամբ։

«Եվրոօպտիմիստներ» խորհրդարանական քաղաքական խմբի անդամ Խատիա Դեկանոիձեն ասել է, որ նշված փոփոխություններով «Վրացական երազանքը» նույնիսկ ցուցադրական ժողովրդավարությունից է հրաժարվում։

«Այլևս ցուցադրական ժողովրդավարություն էլ չեն ուզում, որ գոնե ընթացակարգային մասը պահեն։ Եթե ​​լիներ այս խորհրդատվական խումբը, ով ինչն էր վերացնելու, պետք է հանդիպումներ անցկացնեին ու խոսեին այդ մարդկանց հետ»,- ասել է Դեկանոիձեն։

Հատկանշական է, որ «Թրանսփարենսի Ինթերնեշնլը» (TI) և »Արդար ընտրությունները» (ISFED) 2021 թվականին դուրս են եկել խորհրդատվական խմբի անդամների ընտրության գործընթացից։ Ըստ նրանց՝ ԿԸՀ-ն չի ապահովել խորհրդի որակյալ և վստահելի մարդկանց ընտրությունը կոնսենսուսի հիման վրա։

Ուստի կարելի է ասել, որ «Վրացական երազանքը», խորհրդատվական խմբի ընտրության գործընթացում թերությունները վերացնելու փոխարեն, որոշել է ընդհանրապես չեղարկել այս խումբը, ինչն էլ ավելի կթուլացնի վստահությունն ընտրական գործընթացների և ընտրական վարչակազմի նկատմամբ։

Ելնելով վերոգրյալից՝ կարելի է ենթադրել, որ «Վրացական երազանքը» փորձում է ԿԸՀ-ում ձեռք բերել որոշումների կայացման մենաշնորհ, ինչը կարող է բացասաբար անդրադառնալ 2024 թվականի խորհրդարանական և ապագա բոլոր ընտրությունների արդյունքների վրա։ Օրենքի ընդունմամբ իշխող թիմը բացառում է ընդդիմության ներգրավվածությունը ԿԸՀ-ում տարբեր որոշումներ կայացնելու գործում։ Բարձր քվորումով որոշումների կայացումը դրական է ազդել ԿԸՀ-ի գործողությունների վրա, քանի որ նվազ է եղել որակավորում չունեցող անձի ընտրության ռիսկը։