«Վրացական երազանք» իշխող կուսակցությունից ավելի վաղ հեռացած պատգամավորները համատեղ հայտարարություն են տարածել նույն կուսակցությունը վերջերս լքած պատգամավորների ներկայացրած օրինագծի վերաբերյալ։
Ստորագրողները հրապարակայնորեն արտահայտել են իրենց միանշանակ դիրքորոշումը խորհրդարանական մեծամասնության անդամների նախաձեռնած օրենքի նախագծի վերաբերյալ, քանի որ, իրենց գնահատմամբ՝ այդ օրենքը հակասում է ցանկացած խմբի քաղաքական շահերին և ուղղակիորեն ազդում է Վրաստանի ապագայի վրա։
Ըստ իրենց իսկ հայտարարության՝ այդ նախաձեռնությունը հակասում է ժողովրդավարության հիմնարար սկզբունքներին և պատճառ է դառնում բարեկամ ու գործընկեր երկրներին, ինչպես նաև Վրաստանի քաղաքացիական հասարակությանը ներկայացնել որպես թշնամական ուժեր, ինչը կտրականապես անընդունելի է։
«Օրենքների նախագծերի քննարկումը, երկրի արտաքին հեղինակությանը հասցվող բացասական սոցիալական ազդեցությանն ու անդառնալի վնասին զուգահեռ, վնասում է երկրում ընթացող քաղաքական գործընթացին։ Կոչ ենք անում խորհրդարանին անհապաղ դադարեցնել օրինագծերի քննարկումը և սկսել բարեփոխումների իրականացումը, որոնք անհրաժեշտ են բաց և ներառական գործընթացով ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ ստանալու համար», — նշված է հայտարարության մեջ։
Հայտարարության ներքո ստորագրել է շրջակա միջավայրի պահպանության նախկին նախարար Խաթունա Գոգալաձեն, նաև` յոթերորդ, ութերորդ և իններորդ գումարման խորհրդարանի պատգամավորներ Թեդո Ջափարիձեն, Թամար Չուգոշվիլին, Թամար Խուլորդավան, Դիմիտրի Ցքիտիշվիլին, Իրինա Փրուիձեն, Ակակի Զոիձեն, Նինո Գոգուաձեն, Զազա Խուցիշվիլին, Զվիադ Կվաճանտիրաձեն, Լևան Գոգիչաիշվիլին, Լևան Կոբերիձեն, Գիորգի Մոսիձեն և Թամազ Նավերիանին։
«Օտարերկրյա գործակալների» փաթեթը երկու օրինագիծ է ներառում՝ «Օտարերկրյա ազդեցության մասին» և «Օտարերկրյա գործակալների գրանցման մասին»:
Աղմկահարույց այս երկու օրինագծերն էլ խորհրդարան է բերել «Վրացական երազանք» կուսակցության շարքերը լքած և հակաարևմտյան շարժում ձևավորած «Ժողովրդի ուժը» շարժումը։
Փաթեթը ենթադրում է «օտարերկրյա գործակալներ» կոչել բոլոր այն ոչ բիզնես իրավաբանական անձանց ու լրատվամիջոցներին, որոնց եկամուտների ավելի քան 20 տոկոսը ֆինանսավորում են օտար ուժերը։ Հեղինակներն այն համարում են «ամերիկյան», ընդդիմախոսները՝ «ռուսական»։
Ընդգծենք՝ փաթեթը քննադատել են Վրաստանում ԱՄՆ դեսպանությունը, ԵՄ-ն և ՄԱԿ-ի ներկայացուցչությունները, ՆԱՏՕ-ն, միջազգային այլ կառույցներ և եվրախորհրդարանականներ:
Հավելենք նաև, որ Վրաստանի խորհրդարանի արտաքին հարաբերությունների և պաշտպանության ու անվտանգության հանձնաժողովներն արդեն հավանություն են տվել օրինագծերին: