Վրաստանում Եվրամիության դեսպան Կառլ Հարցելի հնչեցրած քննադատությունը քննարկման առիթ է դարձել իշխող «Վրացական երազանք» կուսակցությունում։
Հարցելը նախօրեին քննադատել էր իշխող կուակցությանը։ Դիվանագետը մեկնաբանել է Պետական տեսչական ծառայության վերացումը և երեք ընդդիմադիր պատգամավորների լիազորություններից զրկելը։ Նրա կարծիքով՝ այս ամենը «վնասել է Վրաստանի քաղաքական ներառականությանը և ժողովրդավարական բազմակարծությանը»։
Կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն Հարցելի հայտարարություններն անվանել է անարդար և կողմնակալ։
Կուսակցության առաջնորդներից Մամուկա Մդինարաձեն էլ ասել է, թե Հարցելի հայտարարություններն իրավական հիմք չունեն․
«Պարոն Կարլը չի քննարկել այս որոշման հիմքում ընկած օբյեկտիվ չափանիշներն ու հանգամանքները։ Այս մարդն օգնում է մեզ շատ գործերում, նա մեր կողքին է, բայց կոնկրետ նման հայտարարություն անելը՝ սխալ էր։ Այն իրավական հիմքը չուներ։ Ուստի, ես կտրականապես համաձայն չեմ նրա հետ»։