«Վրացական երազանք» կուսակցությունն ընթացիկ շաբաթվա ընթացքում կներկայացնի բոլոր մունիցիպալիտետների քաղաքապետերի թեկնածուներին: Մոտ ապագայում հայտնի կդառնան նաև շրջանների սակրեբուլոների (ավագանի) մեծամասնական թեկածուների անունները:
Իշխող կուսակցությունը հուլիսի 20-ին ներկայացրեց Թբիլիսիի քաղաքապետի թեկնածուին: Մայրաքաղաքը ղեկավարելու համար «Վրացական երազանքից» կպայքարի գործող քաղաքապետ Կախա Կալաձեն:
Վրաստանի ընդդիմության մի մասը համաձայնության է հասել Թբիլիսիում՝ ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության ղեկավար Նիկա Մելիայի՝ քաղաքապետի թեկնածության վերաբերյալ: Ընդդիմության մյուս մասը դեռ քննարկում է առանձին թեկնածու առաջադրելու հարցը:
2021 թվականի ՏԻՄ ընտրությունները տեղի կունենան հոկտեմբերի 2-ին: Այս տարվա ընտրությունները տարբերվում են նման այլ ընտրություններից նրանով, որ դրանց արդյունքներն ուղղակիորեն որոշում են ոչ միայն համայնքային մարմինների կազմը, այլև արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման ճակատագիրը: Եթե իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը ստանա համամասնական ձայների 43%-ից պակաս աջակցություն, ապա 2022 թվականին Վրաստանում կանցկացվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ: