«Վրացական երազանք»-ն ու Մոսկվան ռուս-վրացական պատերազմի վերաբերյալ նույն լեզվով են խոսում. կարծիքներ

Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը, 2008 թվականի ռուս-վրացական պատերազմը սկսելու և Վրաստանի տարածքների 20 տոկոսի օկուպացիայի համար նախկին կառավարությանը՝ «Միացյալ ազգային շարժում» (ՄԱՇ) կուսակցությանը և պատերազմի ժամանակ նախագահած Միխեիլ Սաակաշվիլիին մեղադրելով, փորձում է նախընտրական դիվիդենտներ շահել. մի բան չեն գիտակցում՝ դիվիդենտներ շահելու նպատակով պատերազմ սկսելու համար ՄԱՇ-ին մեղադրելով, փաստացի ասում են, որ Վրաստանն է սկսել պատերազմը: Երկար տարիներ թե՛ Վրաստանը, թե՛ երկրի ռազմավարական գործընկերները, թե՛ տարբեր հետազոտություններ փաստել են՝ պատերազմը սկսել է Ռուսաստանը, անդրադառնալով «Վրացական երազանք»-ի հիմնադիր Բիձինա Իվանիշվիլիի և ներկայիս վարչապետ Իրակլի Կոբախիձեի հայտարարություններին՝ «Ալիք Մեդիա Վրաստան»-ի հետ զրույցում ասացին վրացի փորձագետները:

Սեպտեմբերի 13-ին Կոբախիձեն հայտարարել էր, որ 2008 թվականին Վրաստանի իշխանության ղեկին գտնվող ՄԱՇ-ն է Ռուսաստանին հանձնել Վրաստանի տարածքի 20 տոկոսը։ Նա ՄԱՇ-ին մեղադրել է երկրի դեմ կատարած «հանցագործության» համար: Ավելի ուշ՝ սեպտեմբերի 14-ին, Գորիում նախընտրական քարոզարշավի շրջանակներում «Վրացական երազանք»-ի հերթական նաընտրական հանդիպման ժամանակ կուսակցության պատվավոր նախագահ Իվանիշվիլին կրկին խոսել է ՄԱՇ-ին հակասահմանադրական ճանաչելու և օգոստոսյան պատերազմի հետ կապված իրավական պատասխանատվության ենթարկելու մասին։

Իվանիշվիլին ասել է. «Մենք, անշուշտ, մեր մեջ ուժ կգտնենք ներողություն խնդրելու այն բանի համար, որ առաջադրանքին համապատասխան` դավաճան «Միացյալ ազգային շարժում»-ը 2008 թվականին կրակի տակ է գցել մեր օս քույրերին ու եղբայրներին։

Կոնֆլիկտաբան, Վրաստանի վերաինտեգրման հարցերով նախկին նախարար Պաատա Զաքարեիշվիլին «Ալիք Մեդիա Վրաստան»-ի հետ զրույցում ասաց՝ «Վրացական երազանք»-ն ընդունում է միայն վրաց-ռուսական կոնֆլիկտը, չի ընդունում վրաց-օսական կոնֆլիկտը, հետևաբար՝ երբ ներողություն են հայցում, ստացվում է՝ ներողություն են հայցում Ռուսաստանից: Ըստ նրա՝ «Վրացական երազանք»-ի դիքորոշումն ու Մոսկվայի դիրքորոշումը պատերազմի հարցում նույնն է. Մոսկվան էլ է ասում՝ Վրաստանն է ՄԱՇ-ի գլխավորությամբ ռմբակոծել ռուս խաղաղապահներին:

Կոնֆլիկտաբանի խոսքով, թե՛ Կոբախիձեի, թե՛ Իվանիշվիլիի հայտարարությունները շատ անպատասխանատու և հակապետական հայտարարություններ են:

«Գորիում ելույթի ամենաուշագրավ դրվագներից էր նաև այն, որ Իվանիշիլին երբեք չհիշատակեց, որ ռուսական օկուպացիոն ուժերը ռմբակոծել են Գորին, մարդկային զոհեր են եղել, տներ են ավերվել. սրանք փաստող բազմաթիվ արձանագրություններ և լուսանկարներ կան: Սրանց մասին Իվանիշվիլին չհիշատակեց, միայն ռուսական քարոզչություն են իրականացնում իշխող թիմում»,- ասաց կոնֆլիկտաբանը:

Զաքարեիշվիլիի խոսքով՝ իշխող թիմը չի հիշատակում, որ օսական կոնֆլիկտը 1990-ականներից է սկսվել, միայն հիշատակում է, որ ՄԱՇ-ի օրոք է սկիզբ առել, ինչը, ըստ նրա, խոսում է կոնֆլիկտների մասին իշխող թիմի անտեղյակության մասին:

«Եվ նրանք պետք է կառավարեն երկիրը՝ չտիրապետելով կոնֆլիկտների մասին տարրական տեղեկությանը: Հենց դրա պատճառվ է նրանց հայտարարութունները հակապետական, վնասակար և Ռուսաստանի դիրքերին ամրություն հաղորդող»,- հավելեց Զաքարեիշվիլին:

Նշենք նաև, որ սեպտեմբերի 15-ին Գորիում քաղաքացիները հավաքվել էին բողոքելու Իվանիշվիլիի հայտարարության դեմ։ Բողոքի ակցիայի մասնակիցները հայտարարել էին.  «Ռուսական քարոզչությունն այլևս չի գործում, մենք հիշում ենք մեր երկրի պատմությունը»:

Վրաստանի հանրային կապերի ինստիտուտի (GIPA) քաղաքականության հետազոտական ​​կենտրոնի տնօրեն Գիորգի Կոբերիձեի խոսքով, Վրաստանի կառավարությունը պահանջում է ներողություն խնդրել այն ուժից, որը կազմակերպել է Վրաստանի բնակչության էթնիկ զտումներ և հողին հավասարեցրել նրանց բնակավայրերը. և այս ամենն այն բանի համար, որ Վրաստանը համարձակվել և փորձել է պաշտպանել իր տարածքներն ու բնակչությանը։

Ըստ նրա՝ վրացական գյուղերի վրա հարձակումը Մոսկվան սկսել է ոչ թե օգոստոսի 7-ին, այլ հունիս-հուլիսին, ինչը հաստատում են բազմաթիվ միջազգային զեկույցներ, իսկ օգոստոսի 7-ի գիշերվանից Ռուսաստանի ավիացիան հրթիռային և հրետանային ռմբակոծություն է սկսել ոչ միայն Ցխինվալիի շրջանի (Հարավային Օսիա), այլև Վրաստանի մնացած հատվածի վրա:

Նրա խոսքով, Վրաստանը պաշտպանական պատերազմ վարելու և՛ իրավական, և՛ բարոյական իրավունք ու պարտավորություն է ունեցել. հետևաբար, եթե այսօր ինչ-որ մեկին պետք է դատել, դա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն է.

«Խոսել այն մասին, որ Վրաստանը հարձակողական պատերազմ է վարել սեփական տարածքում, բացի ոչ ադեկվատ լինելուց, պարունակում է երկրին վնասող հայտարարություններ։ Ոչ ոք սեփական տարածքում պատերազմ չի սկսում: Դա նույնն է, ինչ մեղադրեն սեփականը տանը հարևանի վրա հարձակվելու համար… Այսօր Վրաստանի կառավարության հայտարարությունը նման է օկուպացիոն կառավարության (Ռուսաստանի — հեղ.) հայտարարությանը: Այսօր, ցավոք, մեր կառավարությունն այլևս չի ճանաչում երկրի ինքնիշխան իրավունքները, ինչն ավելի լուրջ խնդիր է, քան թվում է առաջին հայացքից»:

2008 թվականի ռուս-վրացական պատերազմում զոհվածների ընտանիքների անդամներն արձագանքել են Իվանիշվիլիի ելույթին։ Նրանք բացասաբար են գնահատել Իվանիշվիլիի հայտարարությունը:

«Ներողություն մեր հերոսներին, մենք իսկապես արժանի չէինք ձեր զոհաբերությանը…»,- գրել է Վալերի Էլիզբարաշվիլին՝ 2008 թվականի պատերազմում զոհված գնդապետ (Վախթանգ Գորգասլիի 1-ին աստիճանի շքանշանակիր) Դավիթ Էլիզբարաշվիլիի որդին:

Վրաստանի ազգային հերոս Գիորգի Անծուխելիձեի կինը՝ Մակա Չիկվիլաձեն, ֆեյսբուքյան իր անձնական էջում հրապարակել է խոշտանգված ամուսնու լուսանկարը՝ կից հետևյալ գրառմամբ. «2008 թվական, օգոստոսի 9… «օս եղբայրների» սապոգը Գիորգիի մեջքին»:

Վրաց-եվրոպական ինստիտուտի (EGI) ղեկավար, քաղաքագետ Գիորգի Մելաշվիլիի խոսքով, երբ պատերազմի համար մեղադրում ես Վրաստանին, դա դավաճանություն է Վրաստանի ազգային շահերի նկատմամբ և պղծում բոլոր այն հերոսների հիշատակը, որոնք պաշտպանել են հայրենիքը։

«Վրաստանի թշնամին Ռուսաստանն է: Բոլոր նրանք, ովքեր խաղում են ռուսական խաղը, Վրաստանին դավաճանողներ են»,- գրել է Մելաշվիլին:

Ըստ նրա՝ երբ ռուս օլիգարխը (նկատի ունի Իվանիշվիլիին — հեղ.) պատրաստվում է ստրկացնել երկիրը և հանձնել Ռուսաստանին՝ վրաց ազգին հետագայում արտաքսելու և ռուսական առաջադրանքը կատարելու համար, բոլոր պարկեշտ մարդկանց պարտքն է կանգնել այդ չարիքի դեմ։

Հիշեցնենք. 2008 թվականի օգոստոսի 7-ի վաղ առավոտից խաղաղապահի կարգավիճակ չունեցող ռուսական կանոնավոր ռազմական ուժերը ռազմական հարձակում էին սկսել Վրաստանի տարածքում։ 2008 թվականի օգոստոսյան պատերազմում զոհվել է Վրաստանի 228 խաղաղ բնակիչ և 14 ոստիկան։ Պաշտպանության նախարարության վերջին տվյալներով՝ զոհված է համարվում 169 զինծառայող։ Պատերազմի ընթացքում վիրավորվել է 1747 մարդ։ Գրեթե 150 հազար մարդ լքել է իր տունը, իսկ նրանցից 30 հազարը մինչ օրս աքսորված է։

2008 թվականի օգոստոսյան պատերազմի հետևանքով Վրաստանը կորցրել է վերահսկողությունը 189 գյուղերի նկատմամբ, որոնցից 125-ը դեռ գտնվում են օկուպացիոն ռեժիմի ներքո։ 2008 թվականի օգոստոսյան պատերազմից հետո Ռուսաստանը ճանաչել է Վրաստանի երկու շրջանների՝ ներկայումս օկուպացված Աբխազիայի և օկուպացված Ցխինվալիի անկախությունը:

Ռուս-վրացական պատերազմի հանցագործությունների հետքն անջնջելի է․ կարծիք