
«Վրացական երազանք»-ն ընդլայնում է խորհրդարանում իրենց ստեղծած ժամանակավոր քննչական հանձնաժողովի մանդատը։
Կուսակցության առաջնորդներից Մամուկա Մդինարաձեի խոսքով, հանձնաժողովի գործունեությունն այլևս չի սահմանափակվելու «Միացյալ ազգային շարժում» (ՄԱՇ) կուսակցության իշխանության ժամանակաշրջանով (2003-2012 թթ.), ներառելու է նաև 2012 թվականից հետո ժամանակահատվածը:
«Նրանք մշտապես զբաղված են Վրաստանի սահմանադրական կարգը տապալելու կամ բռնությամբ փոխելու և Վրաստանի սահմանադրական կարգին այլ կերպ հակազդելու փորձերով: Մի խոսքով, 2012 թվականից հետո նրանք բազմաթիվ հակապետական գործողություններ են կատարել, որոնք պահանջում են համապատասխան իրավական գնահատական և պատասխան», — ասել է Մդինարաձեն։
«Վրացական երազանք»-ը պատրաստվում է դիմել Սահմանադրական դատարան (ՍԴ)՝ իր ստեղծած ժամանակավոր քննչական հանձնաժողովի եզրակացության հիման վրա ընդդիմադիր կուսակցություններին հակասահմանադրական ճանաչելու համար։
Հանձնաժողովի մասին
ՄԱՇ-ի իշխանավարման ժամանակահատվածն ուսումնասիրող հանձնաժողով ստեղծելու մասին «Վրացական երազանք»-ը խոսեց 2025 թվականի հունվարի 9-ին։ Կուսակցության առաջնորդներից Մամուկա Մդինարաձեի խոսքով, հանձնաժողովը կուսումնասիրի.
- բանտերում բանտարկյալների նկատմամբ խոշտանգումների դեպքեր,
- սպանության, բռնության և անձնական կյանքի ներխուժման դեպքեր,
- կոռուպցիա և ճնշում բիզնեսի վրա, լրատվամիջոցների յուրացում,
- 2008 թվականի օգոստոսյան պատերազմի «մեկնարկի ճանաչում» և «ռազմական հանցագործությունների համար վրաց զինվորականներին մեղադրելը»,
- Մդինարաձեն նշել է, որ «2008 թվականի պատերազմի գործի հետաքննության թիրախները չեն լինելու ռազմական հրամանատարներն ու զինվորները»։
Հանձնաժողովը ստեղծվել է փետրվարի 5-ին՝ եռամսյա ժամկետով, որին աջակցել են «Վրացական երազանք»-ի 83 ներկայացուցիչներ։
Հանձնաժողովում աշխատում է ութ մարդ.
- «Վրացական երազանք»-ից՝ Թեա Ծուլուկիանին, Թենգիզ Շարմանաշվիլին, Ալեքսանդրե Տաբատաձեն, Ալուդա Ղուդուշաուրին, Պաատա Սալիան,
- Ընդդիմության քվոտան կվերցնեն «Վրացական երազանք»-ից անջատված, բայց նրա արբանյակ և կեղծ ընդդիմություն հանդիսացող «Ժողովրդի ուժ»-ից Սոզար Սուբարին, Գուրամ Մաճարաշվիլին և «Եվրոպական սոցիալիստներ»-ից Իլիա Ինջիան։
ՄԱՇ-ի գործունեության արգելումն ու կուսակցության համար «խիստ քաղաքական ու իրավական վճիռ» կայացնելը «Վրացական երազանք»-ի նախընտրական խոստումն էր, որի համար կուսակցությունը մտադիր էր խորհրդարան մտնել սահմանադրական մեծամասնությամբ, ինչը չհաջողվեց: