Վրաստանի իշխանությունն արժանի է «ռուս» մականվանը, քանի որ գործում է Կրեմլի մեթոդներով, Financial Times բրիտանական և միջազգային բիզնես օրաթերթին տված հարցազրույցում ասել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին։
Զուրաբիշվիլին, խոսելով հոկտեմբերին 26-ին կայանալիք ընտրություններին մասին, կրկնել է՝ սա սովորական ընտրություն չէ, ընտրություն է եվրոպական ապագայի և ռուսական անցյալի միջև։
Նախագահի կարծիքով` Վրաստանի բնակչությունը, թերևս, քաղաքական կուսակցություններից ավելի լավ է հասկացել, որ «դա հանրաքվե է և իրական ընտրություն ապագայի համար»։
««Վրացական երազանք»-ի համար ընտրություններում հաղթելու ճանապարհը ընտրությունները կեղծելն է, որն արդեն սկսվել է։ Ուստի համախմբումը շատ կարևոր է, քանի որ միակ սցենարը, որով նրանք կարող են փորձել գողանալ ընտրությունները` այն է, որ հենց ժողովուրդը չհամախմբվի»,- ասել է նախագահը: