Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության նվիրաբերող Վախթանգ Կապանաձեի «Մշենեբելի 2012» («Շինարար 2012» — հեղ.) կազմակերպությունը 2012-2024 թվականներին 88 պետական գնումներից ստացել է 15 մլն 62 հազար 5 լարի, հայտնել է «Թրանսփարենսի Ինթերնեշնլ Վրաստան» (TI) հասարակական կազմակերպությունը (ՀԿ):
Ըստ TI-ի, դրանից 10 մլն 873 հազար 153 լարին (72,1%) գոյացել է առանց մրցույթի և ուրիշների որակազրկմամբ շահած մրցույթների, ինչպես նաև ուղղակի գնումների միջոցով:
Կազմակերպության տվյալներով, Վախթանգ Կապանաձեի որդին՝ Նոդար Կապանաձեն, նույն ժամանակահատվածում տարբեր պաշտոններ է զբաղեցրել Սամցխե-Ջավախեթիի իրավապահ մարմիններում։ Վախթանգ Կապանաձեի բիզնես գործունեությունը կապված է նաև Բակուրիանիում Բիձինա Իվանիշվիլիի նստավայրի անվտանգության նախկին պետ, ինչպես նաև Սամցխե-Ջավախեթիի ոստիկանության նախկին պետ Ռևազ Մումլաձեի կնոջ եղբոր՝ Շալվա Փխիկիձեի հետ:
Վախթանգ Կապանաձեն «Մշենեբելի 2012» ՍՊԸ-ի 100 տոկոս բաժնետոմսերի սեփականատերն ու տնօրենն է։ Ընկերությունը պետական գնումներ է ստանում Բորժոմիում՝ հիմնականում ճանապարհների և կամուրջների կառուցման, ինչպես նաև դրանց սպասարկման համար։
Նրա որդին՝ Նոդար Կապանաձեն, 2009-2019 թվականներին տարբեր պաշտոններ է զբաղեցրել ֆինանսների նախարարության քննչական ծառայությունում, եղել է Սամցխե-Ջավախեթիի բաժնի պետի տեղակալն ու ղեկավարը։ Այնուհետև նա զբաղեցրել է Բորժոմիի անվտանգության ոստիկանության պետի պաշտոնը։ Ներկայումս աշխատում է հոր ՍՊԸ-ում։
Ըստ TI-ի՝ Վախթանգ Կապանաձեն 2016 թվականի հոկտեմբերին «Վրացական երազանք»-ին նվիրաբերել է 60 հազար լարի; 2021 թվականի օգոստոսին «Մշենեբելի 2012» ՍՊԸ-ն կուսակցության հաշվեհամարին է մուտքագրել 15 հազար լարի։
Կազմակերպությունը գրել է, որ Վախթանգ Կապանաձեն բաժնետոմսեր ունի ևս երկու ընկերությունում, և Շալվա Փխիկիձեն այս երկու ընկերություններում էլ նրա գործընկերն է։
«Թրանսփարենսի Ինթերնեշնլ Վրաստան»-ը կոչ է անում դատախազությանը և ԱԱԾ հակակոռուպցիոն գործակալությանն ուսումնասիրել «Մշենեբելի 2012» ՍՊԸ-ի պետական գնումները և պարզել, թե արդյոք հնարավո՞ր են կոռուպցիոն գործարքներ նրա և գնորդ կազմակերպությունների միջև։