«Վրացական երազանք»-ի խորհրդարանն ընդունեց FARA-ն

«Վրացական երազանք»-ի միակուսակցական խորհրդարանը երրորդ ընթերցմամբ հավանություն է տվել ԱՄՆ «Օտարերկրյա գործակալների գրանցման ակտի»՝ FARA-ի «բառ առ բառ թարգմանության» օրինագծին: Նախագծի ընդունմանը կողմ է քվեարկել 86 պատգամավոր։ Ոչ ոք դեմ չի եղել։

Օրենքի համաձայն՝ FARA-ի պարտավորությունները չկատարելը կամ «Վրացական երազանք»-ի նախաձեռնած օրինագծի անպատշաճ կատարումը կպատժվի մինչև 5 տարի ազատազրկմամբ։

Օրենքը կուղարկվի «Վրացական երազանք»-ի ընտրած 6-րդ նախագահ Միխեիլ Կղավելաշվիլիին` ստորագրելու համար:

Միակուսակցական խորհրդարանի իրավական հանձնաժողովի նախագահ Արչիլ Գորդուլաձեն ասել է, որ Քրեական օրենսգրքում ավելացվել է նոր՝ 355-րդ հոդվածի 2-րդ մասը:

«Եթե կառավարչի կամ ադմինիստրատորի գործառույթներ կատարող անձը չկատարի սույն օրենքով սահմանված պահանջները, կենթարկվի Վրաստանի օրենսդրությամբ սահմանված պատասխանատվության։ Կոնկրետ կետերի խախտման դեպքում կարող է նշանակվել տուգանք 5000 լարիից ոչ ավելի կամ ազատազրկում մինչեւ 6 ամիս ժամկետով, 5000 լարիից ոչ ավելի տուգանքով կամ առանց նման տուգանքի։ Այլ խախտումների դեպքում՝ 10 հազար լարի տուգանք կամ ազատազրկում մինչև 5 տարի ժամկետով, 10 հազար լարի տուգանքով կամ առանց դրա», — ասել է Գորդուլաձեն։

Քաղհասարակությունն ու փորձագետները կարծում են՝ «Վրացական երազանք»-ը դիտարկում է ամերիկյան «Օտարերկրյա գործակալների գրանցման ակտ (FARA)» օրենքի ներդրումը քաղաքացիական և լրատվամիջոցների նկատմամբ վերահսկողություն ձեռք բերելու համատեքստում, չնայած այն հանգամանքին, որ FARA-ի ցանկացած ողջամիտ մեկնաբանության համաձայն՝ հասարակական կազմակերպությունները պետք է հանվեն օրենքի կարգավորման շրջանակից։