«Վրացական երազանք»-ի պատճառով ԵՄ անդամակցության գործընթացը կասեցվել է. Յուկնևիչիանե

Եվրոպացի պատգամավոր Ռասա Յուկնևիչիանեն Վրաստանի եվրաինտեգրման ճանապարհին ստեղծված բարդ իրավիճակի պատճառ է համարում օլիգարխ Բիձինա Իվանիշվիլիին և պնդում, որ «Վրացական երազանք»-ի որոշումներն անհամատեղելի են Եվրամիության արժեքներին ու պահանջներին։ Յուկնևիչիանեն դրա մասին ասել է «Ամերիկայի ձայն»-ին։

«Բիձինա Իվանիշվիլին պատճառներից մեկն է կամ ես կասեի` ամենակարևոր պատճառն է, թե ինչու է Վրաստանը հայտնվել այդքան ծանր վիճակում: Նկատի ունեմ Վրաստանի ապագա ուղին: Մենք տեսնում ենք, որ նրա գնահատականները, կառավարության ընդունած որոշումներն անհամատեղելի են Եվրամիության արժեքներին»,- ասել է Յուկնևիչիանեն։

Եվրոպացի պատգամավորը նշել է նաև, որ «Վրացական երազանք»-ի գործողությունների պատճառով կասեցվել է Եվրամիությանը Վրաստանի անդամակցության գործընթացը։ Նրա խոսքով, Իվանիշվիլիի և Վրաստանի կառավարության այլ պաշտոնյաների հայտարարությունները Եվրախորհրդարանի և օգոստոսյան պատերազմի մասին` Կրեմլի նարատիվն են։

«[ԵՄ-ին] անդամակցության հետագա քայլերը` պաշտոնապես կամ ոչ պաշտոնապես, կասեցված են «Վրացական երազանք»-ի գործունեության պատճառով: Նրանց բոլոր գործողությունները վկայում են, որ չեն հետևում անհրաժեշտ քայլերին [ԵՄ անդամակցությանն ընդառաջ]»,- ասել է Յուկնևիչիանեն։