Աբու Դաբիի հյուրանոցներից մեկում բախում է տեղի ունեցել Վրաստանի քաղաքացու և «Վրացական երազանք»-ի պատգամավորների միջև։ Միջադեպը, հավանաբար, սկսվել է «Վրացական երազանք»-ի պատգամավորներ Իրակլի Զարքուան և Վիկտոր Սանիկիձեն նախաճաշի ժամին։
«Իջա նախաճաշելու, կնոջս հետ նստած էի… Երեկ տեղի ունեցածից զայրացած՝ եկան իմ հետևից», — ասել է Գաբիտաշվիլին՝ տարածելով տեսանյութերը։
Նախօրեին՝ հունվարի 12-ին, Գաբիտաշվիլին Աբու Դաբիում «Վրացական երազանք»-ի պատգամավոր Զարքուային դավաճան էր անվանել ու հայհոյել նրան։
Առաջին տեսանյութում Գաբիտաշվիլին հարվածում է Զարքուային, որից հետո Սանիկիձեն թիկունքից վազում է և հարվածում նրա ձեռքին։ Մեկ այլ պատգամավոր՝ Գելա Սամխարաուլին, բռնում է Գաբիտաշվիլիի ձեռքից և ասում. «Լավ, դուրս արի, դուրս արի»։
Երկրորդ տեսանյութում Գաբիտաշվիլին և խորհրդարանականները հայհոյում են միմյանց: Դրանից հետո Սանիկիձեն վազում է դեպի Գաբիտաշվիլին, բարձրացնում բռունցքը և հարվածում նրան։ Այնուհետև Գաբիտաշվիլին ոտքով հարվածում է Սանիկիձեի փորին, իսկ Սամխարաուլին բռունցքով հարվածում է Գաբիտաշվիլիի ուսին ու դեմքին։
Ավելի ուշ հրապարակված տեսանյութում, հավանաբար, միջադեպի սկիզբն է: Գաբիտաշվիլին և նրա կինը նստած են սեղանի մոտ, երբ Զարքուան հարձակվում է Գաբիտաշվիլիի վրա, ափսեից ուտելիք է նետում նրա դեմքին և հարվածում։ Նրա կողքին է նաև Սանիկիձեն։
«Վրացական երազանք»-ի պատգամավորների և քաղաքացու առերեսումը սկսվել է նախօրեին։ Գաբիտաշվիլին, որ Զարքուայի և նրա գործընկերների հետ հանգստանում է նույն հյուրանոցում, «Վրացական երազանք»-ի ներկայացուցիչ Զարքուային անվանել է «դավաճան» և «հայրենիքը ծախող»։ Ավելի ուշ գրառման մեջ Զարքուան Գաբիտաշվիլիին անվանել է «համառ սադրիչ ակտիվիստ»:
Գաբիտաշվիլին 2015 թվականի հունիսի 13-ին Թբիլիսիի ջրհեղեղի ժամանակ զոհված Դավիթ Գաբիտաշվիլիի եղբայրն է։
2023 թվականի ապրիլի 18-ին Թբիլիսիի վերաքննիչ դատարանը ներքին գործերի նախարարությանը պարտավորեցրել է փոխհատուցել Գաբիտաշվիլիին նյութական և բարոյական վնասի համար։