«Վրացական երազանք»-ի պաստառները վարկաբեկում են ուկրաինացի ժողովրդին. վերլուծաբան

Օրեր առաջ մեդիահարթակում քննարկման առիթ դարձավ «Մթավարի արխի», «TV Պիրվելի» և «Ֆորմուլա» հեռուստաընկերությունների  համատեղ հայտարարությունը:

Հեռուստաալիքների փոխանցմամբ՝ իրենք հրաժարվել են հեռարձակել  «Վրացական երազանք»-ի ներկայացրած պաստառները, որտեղ ցուցադրված են Ուկրաինայի պատերազմը վարկաբեկող լուսանկարներ:

Հոկտեմբերի 5-ին երեք հեռուստաընկերությունների տարածած համատեղ հայտարարության մեջ նշված է, որ սպասվող պատժամիջոցները կարող են հանգեցնել նույնիսկ ալիքների գործունեության կասեցմանը: Չնայած դրան, հեռուստաաալիքները հաղորդել են, որ ոչ մի պարագայում իրենք չեն հեռարձակելու այդ պաստառները:

Անկախ ՀԸ-ներն իրենց աջակցությունն են ցուցաբերել վերոնշյալ հեռուստաալիքներին:

Նրանց թվում են «Լրագրողական էթիկայի խարտիա»-ն, որը միավորում է ավելի քան 300 լրագրողների,«Մեդիա կոալիցիա»-ն, «Միջազգային թափանցիկություն-Վրաստան» և «Վրաստանի եվրոպական ուղեծիր» ՀԿ-ները։

Վրացի վերլուծաբան Պաատա Զաքարեիշվիլին «Ալիք Մեդիա Վրաստան»-ի հետ զրույցում անդրադարձավ «Վրացական երազանք»-ի պաստառներին և ներկայացրեց իր գնահատականն այս խնդրի շուրջ:

««Վրացական երազանք»-ն այս պաստառներով ցանկացել է տպավորություն ստեղծել, թե, իբր, Վրաստանը խուսափել է այն ամենից, ինչը տեղի է ունեցել Ուկրաինայում, բայց ոչինչ չի ասում այն մասին, թե ինչու է այդ ամենը տեղի ունեցել Ուկրաինայում։ Տպավորություն է, որ ուկրաինացիներն իրենք են ստեղծել այդ իրավիճակը։ Նա չի խոսում այն ​​մասին, որ Ուկրաինան չի արել որևէ բան, որը պատճառ դառնար Ռուսաստանի ագրեսիայի։ Ստացվում է, որ այդ պաստառներն արդարացնում են Ռուսաստանի ագրեսիան Ուկրաինայի դեմ»,- ասաց Զաքարեիշվիլին:

Վերլուծաբանը հավելեց՝ պաստառները, որոնք պետք է ավետեին խաղաղություն, վարկաբեկում են ուկրաինացի ժողովրդին:

Զաքարեիշվիլիի խոսքով, չնայած «Վրացական երազանք»-ը պաստառների միջոցով փորձում է ցույց տալ ինչ–ինչ տարբերություններ, բայց իրավիճակը գրեթե նույնն է:

««Վրացական երազանք»-ը բավարար համարձակություն չունի բարձրաձայնելու, որ պաստառներում պատկերվածը ռուսական ագրեսիայի հետևանք է: Եթե պաստառներում ցուցադրվեին, օրինակ, Առաջին համաշխարհային պատերազմի լուսանկարներ՝ դա այլ հարց է, այդ դեպքում ասելիքը հասկանալի կլիներ»,- ասաց վերլուծաբանը` հավելելով, որ այդ ամենը գիտակցաբար է արվում, ոչ թե միամտորեն:

Պաստառներին և դրանց դեմ քաղաքացիների վրդովմունքին արձագանքել է նաև Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին:

Նախագահի խոսքով՝ այդքան ամոթալի, վրաց մշակույթին, ավանդույթներին, պատմությանն ու հավատքին այդքան վիրավորող բան չի տեսել։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 26-ին Թբիլիսիում հայտնվել են «Վրացական երազանք» կուսակցության նախընտրական պաստառներ՝ «Ոչ պատերազմին, ընտրիր խաղաղությունը» մակագրությամբ։

Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը պաշտոնական հայտարարությամբ արձագանքել էր «Վրացական երազանք»-ի նախընտրական պաստառներին և կոչ արել Վրաստանի կառավարությանն ու բոլոր շահագրգիռ կողմերին զերծ մնալ Ուկրաինայի և նրա քաղաքացիների դեմ ագրեսիվ պատերազմի թեման շահարկելուց։

Որոշ պաստառների վրա ձախ կողմում պատկերված է Ուկրաինայի Դոնեցկի մարզի Բոգորոդիչնե գյուղի ռմբակոծությունից ավերված եկեղեցին, իսկ աջում՝ Թբիլիսիի Երրորդության տաճարը։ Մեկ այլ պաստառում ձախ կողմում պատկերված է ավերված Մարիուպոլի թատրոնը, իսկ աջում՝ Սենակիի թատրոնը, որը վերականգնել է Բիձինա Իվանիշվիլիի «Քարթու» հիմնադրամը։ Վահանակների ձախ կողմում, որտեղ պատկերված են պատերազմի ժամանակ ավերված ուկրաինական շենքերը, կցված են ընդդիմադիր քաղաքական կուսակցությունների ընտրական համարները: