«Վրացական երազանք»-ի օրենսդրական փոփոխությունների շարքը. ամփոփ

Վրաստանում և հատկապես մայրաքաղաք Թբիլիսիում 14-օրյա բողոքի ցույցերի, պետական ​​հատվածի հարյուրավոր աշխատակիցների բողոքի ակցիաների ֆոնին «Վրացական երազանք»-ը դեկտեմբերից նախատեսում է օրենսդրական փոփոխությունների շարք:

Նախատեսված օրինագծերից շատերը վերաբերում են հանրահավաքներին և բողոքի ցույցերին առնչվող կարգավորումների:

Հանրահավաքներին` առանց դիմակների

Վրաստանում հանրային հավաքների և բողոքի ակցիաների մասնակիցներին կարգելվի «տարբեր ձևերով թաքցնել իրենց դեմքերը»։ «Այս օրենքն ամբողջությամբ ուժի մեջ կմտնի մինչև ամսվա վերջը»,- հայտարարել է վարչապետ Իրակլի Կոբախիձեն։

«Սա կօգնի կանխել բռնությունը», — հավելել է նա, — այս իրավիճակում դժվար է արձագանքել՝ բոլորը դիմակներով են»։

Ենթադրաբար, պաշտոնական արգելքը կտարածվի ակնոցների, ռեսպիրատորների և հակագազերի վրա, որոնք նույնպես ծածկում են դեմքը։

«Դիմակ կրելու արգելքն անուղղակիորեն սահմանափակում է մարդկանց հավաքների ազատությունը», — ասել է իրավաբան Սաբա Բրաճվելին։

«Վրացական երազանք»-ը պատժում է մարդկանց նախազգուշական միջոցներ ձեռնարկելու և իրենց արձակած գազը չշնչելու համար»,- ասել է նա։

Սաբա Բրաճվելիի խոսքով, այս նախաձեռնությունը հատկապես ցինիկ է, եթե հաշվի առնենք, որ ՆԳՆ հատուկ ջոկատայինները դիմակներ են օգտագործում հանրահավաքների ժամանակ։

Պիրոտեխնիկայի ներմուծման և առքուվաճառքի կանոնների խստացում

«Վրացական երազանք»-ը խորհրդարան է ներկայացրել պիրոտեխնիկայի ներմուծման և առքուվաճառքի կանոնների խստացման օրինագիծ: Հանրահավաքների ժամանակ արգելված իրերի ցանկում նաև կավելացվի պիրոտեխնիկան՝ հրազենի ու պայթուցիկ նյութերի հետ մեկտեղ։

Նախատեսվում է, որ այս օրենքն արագացված կարգով կընդունվի։

Օրինագծի համաձայն՝ պիրոտեխնիկայի ներմուծման, արտադրության և վաճառքի թույլտվությունը կտրամադրի ներքին գործերի նախարարությանը կից քաղաքացիական անվտանգության գործակալությունը։ Կառավարությունը մինչև փետրվարի 1-ը պետք է մշակի պիրոտեխնիկայի առևտրի տեխնիկական կանոնակարգերը։ Կհաստատվեն նաև թույլտվություն/լիցենզիա տալու կանոններն ու պայմանները։

Առևտրի լիցենզիայի առաջարկվող արժեքը կկազմի 200 լարի, իսկ խախտումների համար տուգանքները կսկսվեն 2 հազար լարիից:

Մինչ օրինագծի ներկայացումը հայտնի դարձավ, որ Վրաստանում փակվել են պիրոտեխնիկայի խանութները: Խանութների մենեջերների ու վաճառողների խոսքով, Եկամուտների ծառայության տվյալներով՝ այս սահմանափակումը կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ երկրում բողոքի ակցիաները չեն ավարտվել, իսկ հետո կրկին կթույլատրվի պիրոտեխնիկայի վաճառքը։

Պատճառը հավանաբար այն է, որ վերջին օրերին թբիլիսյան բողոքի ցույցերում կիրառվում են հրավառ նյութեր։ Ցույցի մասնակիցներն այդպիսով փորձում են դիմակայել հատուկջոկատայինների բիրտ ուժին, որը պարբերաբար ցուցարարների դեմ օգտագործում է ջրցան մեքենաներ, արցունքաբեր գազ և ռետինե փամփուշտ։

«Վերակազմակերպում» հանրային ծառայություններում

Դեկտեմբերի 9-ին «Վրացական երազանք»-ի գործադիր քարտուղար Մամուկա Մդինարաձեն հայտարարեց օրենսդրական մեկ այլ փոփոխության մասին՝ «Հանրային ծառայությունների վերակազմավորման պարզեցում»։

Նրա խոսքով, փոփոխություն է կատարվելու «Հանրային ծառայության մասին Վրաստանի օրենքում», եւ այդ փոփոխությունը «կապահովի հանրային հատվածի առողջությունը»։

Եվրոպամետ ցույցերի մեկնարկից ի վեր հարյուրավոր պետական ​​ծառայողներ ստորագրել են հայտարարություններ՝ քննադատելով կառավարության որոշումը Եվրամիության հետ բանակցություններ սկսելու գործընթացը մինչև 2028 թվականը օրակարգ չներառելու մասին։

«Վրացական երազանքի»-ի այս որոշումը հավանության չի արժանացել պաշտպանության նախարարության, կրթության նախարարության, արտաքին գործերի նախարարության, Թբիլիսիի քաղաքապետարանի եւ բազմաթիվ այլ գերատեսչությունների աշխատակիցների կողմից։

«Սոցիալական արդարության կենտրոնն» արձագանքել է օրենսդրական նախաձեռնությանը և նշել, որ վերակազմավորումը պարզեցնելու նպատակով «Հանրային ծառայության մասին» օրենքում կատարված փոփոխությունները հիմնովին հակասում են աշխատանքային իրավունքների չափանիշներին և ծառայում են ակնհայտ նպատակի` քաղաքական հալածանքների և հանրային ծառայության կադրերի զտման. «Օրենսդրական փոփոխություններով նախատեսված կարգավորումը գործնականում չեղյալ է համարում քաղծառայողի ապօրինի աշխատանքից ազատելուց պաշտպանվելու ցանկացած երաշխիք և օրինականացնում է միանգամայն կամայական որոշումների կայացման գործընթացը»։

ՆԳՆ աշխատակից դառնալու կարգի պարզեցում

Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը նախատեսում է պարզեցնել ներքին գործերի նախարարարության (ՆԳՆ) աշխատակից դառնալու կարգը:ՆԳ նախարարն իրավասու է լինելու առանց հատուկ մրցույթի ոստիկանությունում աշխատանքի ընդունելու և իր հրամանով սահմանելու ոստիկանությունում առանց մրցույթի աշխատանքի ընդունելու կանոններն ու պայմանները։Դա նախատեսված է «Ոստիկանության մասին» օրենքում կատարվող փոփոխությունների նախագծով, որն արդեն իսկ նախաձեռնվել է խորհրդարանում։Նախագծի համաձայն՝ օրենքն ուժի մեջ կմտնի 2025 թվականի հունվարի 1-ից։«Այս փոփոխությունը վկայում է այն մասին, որ «Վրացական երազանք»-ը ոստիկանական ուժից կաղում է։ Այսինքն՝ բողոքը ճիշտ է զարգանում, դա պետք է կրկնապատկվի ու ընդգրկի ողջ Վրաստանը»,- ասել է քաղաքական գործիչ Նաթիա Մեզվրիշվիլին։ 2017-2019 թվականներին, երբ Գիորգի Գախարիան ՆԳ նախարար էր, նա զբաղեցնում էր փոխնախարարի պաշտոնը։

Լազերի կիրառման արգելք

Հանրահավաքներում պիրոտեխնիկայի օգտագործումն արգելելու հետ մեկտեղ, «Վրացական երազանք»-ը մտադիր է ցուցարարներին արգելել լազեր օգտագործել։ Նախաձեռնության մասին խորհրդարանում հայտարարել է կուսակցության պատգամավոր Արչիլ Գորդուլաձեն՝ իրավական հարցերի հանձնաժողովի նիստում։ Այս որոշմանն ի պատասխան` քաղհասարակության ներկայացուցիչներից շատերը կարծիք հայտնեցին, որ «Վրացական երազանք»-ը հետզհետե փորձում է արգելել Վրաստանի Սահմանադրությամբ շնորհված հավաքների ազատությունը: