Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության համար 253 հազար լարի նվիրաբերողն առանց թույլտվության օգտագործում է Բաթումիի քաղաքային սեփականությունը: Այդ մասին տեղեկանում ենք «Թրանսփարենսի Ինթերնեշնլ-Վրաստան» (TI) հասարակական կազմակերպության (ՀԿ) զեկույցում:
Մասնավորապես, ըստ ՀԿ-ի՝ Բաթումիի քաղաքապետարանը 2021 թվականի սեպտեմբերի 1-ին «Ախալի բուլվարի» ՍՊԸ-ին 2 տարի ժամկետով՝ անհատույց, ուզուֆրուկտի իրավունքով հանձնել է 8339 քմ մակերեսով հողամաս և դրա վրա գտնվող ավտոդրոմը։
Ըստ TI-ի՝ ընկերությունն այս տարածքում քարթինգ ակումբ է բացել, 2023 թվականի սեպտեմբերի 1-ից մինչ այժմ անօրինական կերպով շարունակում է իր առևտրային գործունեությունը:
«Ախալի բուլվարի» ՍՊԸ-ի հիմնադիր և 100 տոկոս բաժնետեր Ալեքսանդր Բաղաթուրիան քաղաքական դոնոր է. 2016 թվականից մինչ օրս «Վրացական երազանք»-ին և նրա աջակցությունը վայելող նախագահի թեկնածուին նվիրաբերել է 253 հազար լարի (այդ թվում՝ 15 հազար լարին՝ այս տարվա օգոստոսի 6-ին):
Ընկերության համար հողատարածքի օգտագործման ժամկետը լրացել է 2023 թվականի սեպտեմբերի 1-ին, թեև քարթինգ ակումբը շարունակում է աշխատել սովորական ռեժիմով։ Ավելին, «Ախալի բուլվարի» ՍՊԸ-ն մինչև 2024 թվականի մարտի 25-ը Հանրային ռեեստրի ազգային գործակալությունում գրանցված էր որպես ուզուֆրուկտի շահառու, և Բաթումիի քաղաքապետարանը կազմակերպաիրավական ընթացակարգեր է սկսել այս գրառումը չեղարկելու համար միայն TI-ի բողոքարկումից հետո։
TI-ը Պետական անվտանգության ծառայության հակակոռուպցիոն գործակալությանը, Բաթումիի քաղաքապետարանի սակրեբուլոյին և Բաթումի քաղաքապետարանի ներքին աուդիտի ծառայությանը կոչ է անում ձեռնարկել գործող օրենսդրությամբ նախատեսված միջոցներ։