«Վրացական երազանք»-ի քաղաքականության տնտեսական բացասական հետևանքները

Արևմտյան երկրների կիրառած պատժամիջոցները և ներքաղաքական ճգնաժամն արդեն մասամբ ազդել են Վրաստանի տնտեսության վրա. տնտեսական աճի տեմպերը նվազել են, բնակչությունը ավանդները լարիից տեղափոխում է դոլարի, լարին արժեզրկվել է, Ազգային բանկի արժութային պահուստները նվազել են, ներդրումային միջավայրը վատթարացել է, գների բարձրացում և անկառավարելի միգրացիա են նկատվում:

Տնտեսական հարցերով փորձագետներն «Ալիք Մեդիա Վրաստան»-ի հետ զրույցում ասացին՝ հաշվի առնելով Վրաստանի տնտեսության առանձնահատկությունները՝ Վրաստանը խոցելի է կիրառվող և հնարավոր պատժամիջոցների նկատմամբ։ Փորձագետները, սակայն, դժվարանում են ասել, թե որքան կվատթարանա տնտեսական իրավիճակն ապագայում. սա, ըստ նրանց կանխատեսումների, առաջին հերթին կախված է սպասվող պատժամիջոցների մասշտաբներից ու բովանդակությունից։

Տնտեսագետ Ռամազ Գեռլիանիի խոսքով, տնտեսության վրա մեծապես բացասական ազդեցություն են ունեցել քաղաքական գործընթացները: Տնտեսագետը նկատեց՝ մինչ այդ էլ նկատվում էին տնտեսական տատանումներ, հատկապես՝ ներդրումների ոլորտում, սակայն վերջին երեք ամսվա ճգնաժամը, և հատկապես հետընտրական միջավայրն ու նորյեմբերի 28-ի «Վրացական երազանք»-ի հայտարարությունը բացասական են ազդել ներդրումային միջավայրի վրա:

Ըստ տնտեսական հարցերով փորձագետի` բնական է, որ տնտեսության մի ճյուղի հետընթացն ազդում է նաև մյուս ճյուղերի վրա, ինչից տուժում է բնակչությունը. աճել են միցրացիան և աղքատությունը, գնողունակությունը նվազել է, լարին արժեզրկվել է: Տնտեսագետի կանխատեսմամբ՝ եթե նման կերպ շարունակվի ներքաղաքական իրավիճակը, ապա հավանական է, որ այս տարի, նախորդ տարիների հետ համեմատ, ամենացածր տնտեսական աճը գրանցվի:

«Այս ամենից խուսափելու միակ տարբերակը քաղաքական իրավիճակի կայունացումն է, և թե ինչպես կկարողանա այսօրվա իշխանությունն անել դա, կդժվարանամ ասել: Պետք է տնտեսական ռեֆորմներ իրականացնել. այդ ռեֆորմներից կարող է մասնավոր սեփականություն ձևավորվել, ինչը տարիներ շարունակ չի իրականացվել Վրաստանում, և որի վրա հիմնված է երկրի տնտեսությունը: Սա հնարավորություն կտա իջեցնելու հարկերը, որն էլ իր հերթին կբարձրացնի ներքին ներդրումային միջավայրի պոտենցիալը», —  «Ալիք Մեդիա Վրաստան»-ին ասաց Գեռլիանին:

Նշենք, որ լարիի փոխարժեքը նվազում է հակաարևմտյան հայտարարություններից հետո: Վրաստանում ներքին կամ արտաքին ցնցումների (այս դեպքում՝ պատժամիջոցների) հետևանքով առաջացած տնտեսական խնդիրները և բացասական սպասումներն առաջին հերթին արտահայտվում են լարիի փոխարժեքով։ Լարիի արժեզրկումը նպաստում է գնաճին և պարտքի սպասարկման ավելացմանը, ինչը ձեռնտու չէ բնակչությանը։

«Թրանսփարենսի Ինթերնեշնլ-Վրաստան» (TI) հասարակական կազմակերպության (ՀԿ) զեկույցի համաձայն, 2022-2023 թվականներին լարիի փոխարժեքը ամրապնդվել է հետհամաճարակային շրջանի հետևանքների և Ռուսաստանից միլիարդավոր հավելյալ գումարների ներհոսքի պատճառով։ Սակայն 2023 թվականի երկրորդ կեսից ռուսական փողի էֆեկտը նվազել է, և լարին սկսել է արժեզրկվել՝ 1 դոլարի գինը 2,5-ից դարձել է 2,7 լարի։

««Վրացական երազանք»-ի կողմից «ռուսական օրենք»-ի ընդունումը 6 տոկոսով արժեզրկեց լարին, չնայած ապրիլ-մայիսին Ազգային բանկը վաճառեց 220 մլն դոլար։ Լարիի կուրսը նոր ճնշման ենթարկվեց 2024 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին, երբ ԱՄՆ-ը ներքին գործերի նախարարության երկու բարձրաստիճան պաշտոնյաների ներառեց Մագնիտսկու ակտում և արգելեց տասնյակ պետական ​​պաշտոնյաների մուտքը Ամերիկա: Արևմտյան երկրները նաև դադարեցրել են Վրաստանի կառավարությանը նոր դրամաշնորհներ տրամադրումը։ Իրավիճակը սրել են նաև հոկտեմբերի 26-ին կայացած ընտրությունները։ Սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին Ազգային բանկը վաճառել է 700 մլն դոլար՝ լարիի փոխարժեքը 2,72 մակարդակում պահպանելու համար», — զեկույցում գրել է TI-ը:

Նոյեմբերի 28-ին «Վրացական երազանք»-ի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հայտարարությունից հետո երկրում խորացան քաղաքական ճգնաժամն ու անկայունությունը, ընդլայնվեցին պատժամիջոցները, սակայն, ի տարբերություն նախընտրական շրջանի, Ազգային բանկը թույլ տվեց, որ լարին արժեզրկվի (մինչև 2,88), և դեկտեմբերին գնեց 29 մլն դոլար։ Հունվարին իրականացված արժութային ինտերվենցիաների մասին կհայտարարվի ավելի ուշ։

ՀԿ-ի վերլուծության համաձայն, Վրաստանում տնտեսական աճի տեմպերը 9,6 տոկոսից նվազել են  6,7-ի, լարին արժեզրկվել է 6 տոկոսով, ԱԲ-ի արժութային պահուստները նվազել են 560 մլն դոլարով, բնակչությունը մոտ 2 մլրդ լարիի ավանդները լարիից փոխել է դոլարի:

Ազգային բանկի արժութային պահուստները նվազել են: Ընդհանուր առմամբ, 2024 թվականին Ազգային բանկը վաճառել է 435 միլիոն դոլարով ավելի, քան գնել է, թեև փոխարժեքը դեռևս արժեզրկվել է տարեկան 4,4 տոկոսով։ 2024 թվականին Ազգային բանկի պաշտոնական միջազգային պահուստները (որոնք հիմնականում ներառում են արտարժույթ և ոսկի) նվազել են 561 մլն դոլարով։ Պաշարների համարժեքության ցուցանիշ է համարվում ներմուծման 3 ամսվա հարաբերակցությունը։ 2024-ի վերջի դրությամբ պաշարները 5 տոկոսով պակասել են ներմուծման երեք ամիսների համեմատ, մինչդեռ 2023-ի վերջին, ընդհակառակը, 24 տոկոսով գերազանցել են ներմուծման երեք ամիսը։

Փաստերի ստուգման GeoFacts-ի վերլուծաբան Գիորգի Էլիզբարաշվիլիի խոսքով, տարբեր գոյություն ունեցող կանխատեսումների համաձայն՝ այս տարի տնտեսական աճի տեմպերը կնվազեն, թեև աճը կշարունակվի։ Նրա խոսքով, ընտրություններից առաջ և հետո լարիի արժեզրկում էր սպասվում, ինչն էլ հենց բնակչությանը դրդել է խնայողությունները լարիից տեղափոխել արտարժույթ։

«Դժվար է ճշգրիտ կանխատեսում անել, բայց եթե արմատապես ոչինչ չփոխվի, տնտեսական աճի տեմպերը կարող են նվազել, բայց ռեցեսիա սպասել պետք չէ։ Տնտեսության այս վայրիվերումները հիմնականում կապված է քաղաքական միջավայրի հետ, թեև ներկայիս քաղաքական ճգնաժամը դեռ ամբողջությամբ չի արտացոլվել տնտեսության մեջ և կարող է չարտացոլվել», — «Ալիք Մեդիա Վրաստան»-ին ասաց Էլիզբարաշվիլին:

Հարկ է նշել նաև, որ Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության (Geostat) նախնական տվյալներով, 2024 թվականին տնտեսական աճը կազմել է 9,5 տոկոս։ 2024 թվականի առաջին 3 եռամսյակներում (4-րդ եռամսյակը դեռ հայտնի չէ) Վրաստան օտարերկրյա ուղղակի ներդրումների ներհոսքը կրճատվել է 40 տոկոսով։ Ներդրումները 3-րդ եռամսյակում նվազել են 55 տոկոսով, թեպետ ավելի բարձր՝ 70 տոկոս նվազում է եղել առաջին եռամսյակում (հունվար-մարտ), ուստի, ըստ TI-ի՝ դժվար է ասել, որ ներդրումների նվազումը պայմանավորված է «ռուսական օրենք»-ի ընդունմամբ։ «Ռուսական օրենք»-ի ընդունումը, ներքաղաքական անկայունությունը, պատժամիջոցները կազդեն ապագա ներդրումների վրա։

PMCG կազմակերպության հունվարին հրապարակած «Վրաստանի տնտեսական կլիմա» հետազոտությունը ցույց է տվել, որ տնտեսագետները բացասաբար են գնահատում Վրաստանի ներկայիս տնտեսական իրավիճակը և ակնկալում են, որ առաջիկա վեց ամիսների ընթացքում տնտեսական իրավիճակը կվատթարանա։