«Վրացական երազանք»-ի կառավարության որոշ նախարարներ ԱՄՆ-ում են 

«Վրացական երազանք»-ի կառավարության էkոնոմիկայի նախարար Լևան Դավիթաշվիլին, ֆինանսների նախարար Լաշա Խուցիշվիլին, Ազգային բանկի նախագահ Նաթիա Թուրնավան ԱՄՆ-ում են։

Այցի շրջանակներում նրանք հանդիպել են Համաշխարհային բանկի կառավարիչ տնօրեն Աննա Բերդենին։ Ապրիլի 22-ին լուսանկարներով ուղեկցվող տեղեկությունը տարածել է նախարարության լրատվական ծառայությունը։

«Մենք Համաշխարհային բանկից երկարաժամկետ համագործակցության խոստում ենք ստացել, ինչը շատ կարևոր է երկրի տնտեսական աճի և ընդհանուր առաջընթացի համար: Խոսքը ոչ միայն ֆինանսավորման, այլ նաև տեխնիկական աջակցության բաղադրիչի մասին է, որը կօգնի Վրաստանին ավելացնել իր ընդհանուր իրավասությունները», — հանդիպումից հետո ասել է Դավիթաշվիլին։

Ըստ նախարարության մամուլի ծառայության՝ վրացական կողմը Համաշխարհային բանկի կառավարիչ տնօրենին տրամադրել է ամբողջական տեղեկատվություն Վրաստանի տնտեսության ընթացիկ միտումների վերաբերյալ. «Չնայած արտաքին մարտահրավերներին, վրացական տնտեսությունը հետհամաճարակային շրջանից սկսած ցույց է տալիս երկնիշ աճի տեմպեր կառավարության առողջ և հետևողական քաղաքականության շնորհիվ»։

Այցի ընթացքում Խուցիշվիլիին, Դավիթաշվիլիին և Թուրնավիին ուղեկցում են իրենց տեղակալները։

Վրաստանում եվրոպամետ բողոքի ցույցերը բռնությամբ ճնշելուց հետո ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել իշխող «Վրացական երազանք» կուսակցության անդամների, խորհրդարանի անդամների, իրավապահների և մասնավոր անձանց նկատմամբ:

Պատժամիջոցների կիրառումը սկսվել է 2024 թվականի հունիսին և շարունակվել հաջորդ ամիսներին՝ ընդհանուր առմամբ թիրախավորվել է ավելի քան 100 մարդ։ Այս այցից պարզ է դառնում, որ այս բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ վիզային սահմանափակումներ չեն կիրառվել։