
«Վրացական երազանք»-ը հերթական հակաարևմտյան քարոզչությունն է արել` թիրախավորելով Վրաստանում ԵՄ դեսպան Պավել Հերչինսկիին։
Հերչինսկին ասել է, որ Եվրամիությունը չի կարող հանդուրժել բռնությունը, անպատժելիությունը, ահաբեկումը, որը շարունակվում է Վրաստանում արդեն մոտ 3 ամիս։ ԵՄ դեսպանը նշել է` այդ իսկ պատճառով ԵՄ-ն աշխատում է պատժամիջոցներ կիրառել այն անձանց նկատմամբ, ովքեր պատասխանատու են մարդու իրավունքների խախտումների համար։
«Եվրամիության դեպքում պատժամիջոցների կիրառումը պահանջում է միաձայնություն։ Ցավոք սրտի, այս միաձայնությունը չկա։ Կան անդամ երկրներ, որոնք չեն միանում կոնսենսուսին, բայց մեր ղեկավարությունը ջանք է թափում», — ասել է Հերչինսկին։
«Վրացական երազանք»-ի վարչապետ Իրակլի Կոբախիձեն քարոզչական ոճով թիրախավորել է ԵՄ դեսպանին` նրան անվանելով «բռնության մեղսակից»։
Կոբախիձեն ասել է, թե, իբր, Հերչինսկին «բաց քարոզարշավ է իրականացրել հավաքական ազգային շարժման օգտին»։
«Եվրամիության դեսպանը պարտվեց ընտրություններում, և նրա մոտեցումը պայմանավորված է այս ամենով: Հիշում եք, որ նա բացահայտ քարոզարշավ է իրականացրել «հավաքական ազգային շարժման» օգտին և «Վրացական երազանք»-ի դեմ», — ասել է Կոբախիձեն