
Եվրախորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսեի խոսքով, Վրաստանի ոչ լեգիտիմ կառավարությունը խոստացել է փոխել «ռուսական օրենք»-ը։ Դրա մասին Բերսեն քիչ առաջ հայտարարել է մամուլի ասուլիսի ժամանակ:
«Ես ստացել եմ կառավարության խոստումը, որ կփոխվի, այսպես կոչված, «Արտաքին ազդեցության թափանցիկության մասին» օրենքի բովանդակությունը: Մենք կստեղծենք աշխատանքային խումբ, որը բաղկացած կլինի Վրաստանի և Եվրախորհրդի փորձագետներից, ներառյալ Վենետիկի հանձնաժողովը՝ բացահայտելու այն փոփոխությունները, որոնք պետք է կատարվեն օրենսդրության մեջ», — ասել է Բերսեն։
Նշենք, որ «Վրացական երազանք»-ի վարչապետ Իրակլի Կոբախիձեն կրկին հանդիպել է Վրաստանում գտնվող Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսեին։
Բերսեն պաշտոնական այցով Վրաստան է ժամանել դեկտեմբերի 18-ին: Կոբախիձեի և Բերսեի առաջին հանդիպումը կայացել է դեկտեմբերի 18-ին։ Նույն օրը Բերսեն հանդիպել է «Վրացական երազանք»-ի հիմնադիր Բիձինա Իվանիշվիլիին։
Դեկտեմբերի 19-ին ԵԽ գլխավոր քարտուղարը հանդիպում է ունեցել հոկտեմբերի 26-ի խորհրդարանական ընտրություններում անցողիկ շեմը հաղթահարած 3 ընդդիմադիր կուսակցությունների առաջնորդների հետ։ «Կոալիցիա փոփոխությունների համար»-ը հրաժարվել է հանդիպել նրան.