Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը, դադարեցնելով Վրաստանի Եվրամիությանն անդամակցելու գործընթացը, մերժեց Եվրոպայի հետ սերտ կապերի հնարավորությունը և Վրաստանն ավելի խոցելի դարձրեց Կրեմլի համար, ասված է ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական հայտարարության մեջ:
ԱՄՆ Պետդեպարտամենտը հայտարարություն է տարածել Վրաստանում ընթացող գործընթացների և ռազմավարական գործընկերության կասեցման վերաբերյալ։ Նշված է՝ «Վրացական երազանք»-ի մի շարք հակաժողովրդավարական գործողությունները խախտել են ԱՄՆ-Վրաստան ռազմավարական գործընկերության հիմնարար սկզբունքները։
Պետդեպն ընդգծել է՝ ԵՄ-ին Վրաստանի անդամակցության գործընթացը կասեցնելու «Վրացական երազանք»-ի որոշումը հակասում է Եվրամիությանը և ՆԱՏՕ-ին լիարժեք ինտեգրվելու վրաց ժողովրդի սահմանադրական խոստմանը:
«Վրաստանի ժողովուրդն աջակցում է Եվրոպայի հետ ինտեգրմանը: Միացյալ Նահանգները դատապարտում է ոստիկանության կողմից ուժի չափից ավելի կիրառումը վրացիների նկատմամբ, որոնք փորձում են օգտվել հավաքների և արտահայտվելու իրենց իրավունքներից, ներառյալ խաղաղ ցույցերի ազատությունը: Կոչ ենք անում բոլոր կողմերին ապահովել բողոքի ակցիայի խաղաղ բնույթը», — նշված է հայտարարության մեջ:
Վաշինգտոնը Վրաստանի կառավարությանը կոչ է արել վերադառնալ եվրատլանտյան ուղի, անցկացնել թափանցիկ հետաքննություն խորհրդարանական ընտրությունների բոլոր խախտումների վերաբերյալ և չեղարկել հավաքների ու արտահայտվելու ազատությունը սահմանափակող հակաժողովրդավարական օրենքները:
Ի դեպ, Ամերիկայի Միացյալ Նահանգները դադարեցրել է ռազմավարական գործընկերությունը Վրաստանի հետ:
Վաշինգտոն-Թբիլիսի ռազմավարական գործընկերությունը դադարեցված է