«Վրացական երազանք»-ը վերսկսում է նախագահի դեմ իմպիչմենտի գործընթացը

Իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը վերսկսում է նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի դեմ իմպիչմենտի ընթացակարգը։ Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին ասել է, թե պատճառը Սալոմե Զուրաբիշվիլիի՝ կառավարության հետ չհամաձայնեցված արտասահմանյան այցերն են։

«Խորհրդարանական մեծամասնությունը որոշում է կայացրել վերսկսել նախագահի իմպիչմենտի ընթացակարգը, պատրաստել սահմանադրական նոր միջնորդություն, որը սահմանադրական դատարան կներկայացվի մինչև խորհրդարանական ընտրությունները: Սահմանադրական դատարանը երբ հաստատի Սահմանադրության խախտման փաստը, նոր գումարման խորհրդարանը Սալոմե Զուրաբիշվիլիին առնվազն 100 ձայնով իմպիչմենտի միջոցով կհեռացնի պաշտոնից», — ճեպազրույցում ասել է Շալվա Պապուաշվիլին։

Իմպիչմենտն ընթացակարգ է, որով երկրի օրենսդիր մարմինը պաշտոնապես մեղադրանք է առաջադրում կառավարության բարձրագույն պաշտոնյաներին։ Նախագահի իմպիչմենտի համար անհրաժեշտ է խորհրդարանի 100 պատգամավորի աջակցությունը։ Խորհրդարանական մեծամասնությունում այս պահի դրությամբ 100 պատգամավոր չկա։

Հատկանշական է, որ 2023 թվականի սեպտեմբերին ևս «Վրացական երազանք»-ը նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի դեմ նույն պատճառով սկսեց իմպիչմենտի գործընթաց, որը ձախողվեց։