«Վրացական երազանք»-ը «Պետական ​​դրամաշնորհների կառավարման գործակալություն» կստեղծի

«Վրացական երազանք»-ի կառավարությունը նախատեսում է ստեղծել իրենց վերահսկողության տակ գտնվող հանրային իրավունքի իրավաբանական անձ՝ «Պետական ​​դրամաշնորհների կառավարման գործակալություն»։ Համապատասխան փոփոխությունը ներառված է «Դրամաշնորհների մասին» օրենքում։ Օրենքի նախագիծը «Վրացական երազանք»-ի չլեգիտիմացված պատգամավորները կքննարկեն արագացված կարգով։

Օրենքի նախագծի պարզաբանման մեջ նշված է՝ գործակալության նպատակն է լինելու վրացական բյուջեով աջակցել Վրաստանում գործող հասարակական կազմակերպություններին (ՀԿ), «որոնց գործունեության ոլորտները համահունչ կլինեն երկրի զարգացման առաջնահերթություններին»։

Փոփոխությամբ (օրենքի 3-րդ հոդվածի 1-ին կետի «գ» ենթակետը վերափոխելով), բացի այն, որ հանրային իրավունքի իրավաբանական անձին հանձնարարվելու է աջակցել ՀԿ-ներին,  հնարավորություն կունենա նաև տրամադրելու դրամաշնորհներ նույն նպատակով։

Նախագծով օրենքում կավելացվի նաև նորմ, ըստ որի՝ հանրային իրավունքի իրավաբանական անձի ղեկավարը իրավասու է հրապարակել ինչպես նորմատիվ, այնպես էլ անհատական ​​վարչական-իրավական ակտեր՝ ՀԿ-ներին աջակցելու նպատակով։

Օրենքի նախագծի պարզաբանման մեջ նշվում է նաև, որ «Պետական ​​դրամաշնորհների կառավարման գործակալություն»-ում աշխատանքի է տեղավորվելու մոտ 10 մարդ, որը ֆինանսավորվելու է պետական ​​բյուջեից։

Փորձագետներն ասում են՝ «Վրացական երազանք»-ը պատրաստվում է GONGO-ներ (կառավարական ՀԿ-ներ) ստեղծել՝ պատրանք ստեղծելով, թե երկրում ազատ ՀԿ-ներ կան. այդ GONGO-ները ծառայելու են «Վրացական երազանք»-ին, ինչը, բնականաբար, խոսում է այն մասին, որ դրանք անկախ չեն գործելու:

«Վրացական երազանք»-ի վարչապետ Իրակլի Կոբախիձեն ՀԿ-ների պետական ​​ֆինանսավորման նախաձեռնության մասին հայտարարել էր դեռ 2024 թվականի սեպտեմբերին։ 

Ի դեպ, ընդդիմությունը ևս Կոբախիձեի հայտարարությունն աբսուրդ էր որակել: Ըստ ընդդիմադիրների՝ դա ՀԿ-ներին կաշառել է նշանակում։ 

Հիշեցնենք. չնայած Վրաստանում բողոքի ցույցերին և ԱՄՆ-ի, ԵՄ երկրների և միջազգային կազմակերպությունների կոչերին՝ չընդունել «գործակալների օրենք»-ը (Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին), «Վրացական երազանք»-ը 2024 թվականի գարնանն, այնուամենայնիվ, ընդունեց այդ օրենքը: