«Վրացական երազանք»-ը մտադրվել է ուղղափառությունը պետական կրոն հռչակել, հաղորդել է «Ֆորմուլա» հեռուստաալիքը։
Ըստ հեռուստաալիքի՝ սա հենց «ավանդական արժեքների պաշտպանության ոլորտում գաղտնի նախաձեռնությունն է», որի մասին իշխող կուսակցությունը խոստանում է պաշտոնապես հայտարարել մեկ ամսից։ Նախաձեռնությունը պատկանում է «Վրացական երազանք»-ի հիմնադիր, օլիգարխ Բիձինա Իվանիշվիլիին, նշել է «Ֆորմուլա»-ն։
Հեռուստաալիքը նաև հավելել է, որ պատրիարքարանն այս փուլում իր միանշանակ համաձայնությունը չի տվել։
«Ֆորմուլա»-ն պնդում է, որ օգոստոսի 26-ին պատրիարքարանում այդ հարցով ժողով է տեղի ունեցել, սակայն որոշում չի կայացվել, քանի որ Իլիա Երկրորդը կարծում է, որ այժմ դրա ժամանակը չէ. նրա կարծիքով` «անհրաժեշտ պատմական համատեքստ չի ձևավորվել»։
Պատրիարքարանը, ըստ անանուն աղբյուրների, մտավախություն ունի, որ ուղղափառությունը պետական կրոն հռչակելու դեպքում եկեղեցին կկորցնի իր անկախությունը, այդ թվում՝ ֆինանսական ու գույքային:
«Երազանք»-ի առաջնորդները և անձամբ Իվանիշվիլին վերջին շրջանում ընտրողների հետ հանդիպումների ժամանակ մշտապես կրկնում են, որ կուսակցությունը պետք է սահմանադրական մեծամասնություն ապահովի ընտրություններից հետո, որպեսզի լուծի մի շարք հարցեր. օրինակ՝ «Միացյալ ազգային շարժման» արգելումը։
Ներկայում եկեղեցին Վրաստանում անկախ է պետությունից, Վրաստանի Սահմանադրության 9-րդ հոդվածի համաձայն. «Պետությունը ճանաչում է վրաց ուղղափառ եկեղեցու բացառիկ դերը Վրաստանի պատմության մեջ և միաժամանակ հռչակում է կրոնական համոզմունքների և կրոնի լիակատար ազատություն»: