Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը Բիձինա Իվանիշվիլիի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հեռախոսազրույցի մասին լրացուցիչ տեղեկություն է հրապարակել:
«Վրացական երազանք»-ը նշել է՝ երբ Մակրոնը պահանջել է ազատ արձակել ցույցերի ժամանակ բերման ենթարկվածներին, Իվանիշվիլին Մակրոնին բացատրել է, որ Վրաստանը «իրավական պետություն» է:
«Ֆրանսիայի նախագահն իսկապես բարձրացրել է բերման ենթարկվածներին ազատ արձակելու հարցը։ Կուսակցության պատվավոր նախագահը Ֆրանսիայի նախագահին բացատրել է, որ բերման ենթարկվածների մեծ մասը գտնվում է վարչական կալանքի տակ, և նրանք բոլորը մոտ ապագայում ազատ կարձակվեն: Ինչ վերաբերում է քրեական մեղադրանքով ձերբակալվածներին, ապա Մակրոնին բացատրել է, որ Վրաստանն իրավական պետություն է, բոլոր մեղավորներն օրենքի պահանջներին համապատասխան պատասխանատվության կենթարկվեն կատարած հանցագործության համար»,- Ելիսեյան պալատի կողմից զրույցի մասին ծավալուն հայտարարություն հրապարակելուց հետո գրել է «Վրացական երազանք»-ը։
Ըստ կուսակցության հաղորդագրության՝ Իվանիշվիլին Ֆրանսիայի նախագահին ասել է նաև, որ «ոստիկանությունը ցուցարարների լայնածավալ բռնությունների դեմ գործել է եվրոպականից բարձր չափանիշով»։
«Բացի այդ, կուսակցության պատվավոր նախագահը նշել է, որ հետաքննություն է սկսվել, որն ընթանում է անհատական իրավախախտումների վերաբերյալ», — հայտնել են «Վրացական երազանք»-ից։
Նախկին վարչապետ Իվանիշվիլիի և Մակրոնի հեռախոսազրույցը, որը տևել է մեկ ժամ, կայացել է Մակրոնի նախաձեռնությամբ։ Նրանք պայմանավորվել են կրկին կապ հաստատել առաջիկա օրերին։
Հաղորդագրությունն ի սկզբանե հրապարակել էր «Վրացական երազանք»-ը՝ փոխանցելով․ «Մակրոնը նշել է, որ ցավում է Վրաստանում ստեղծված իրավիճակի համար և ցանկություն է հայտնել իր ներդրումն ունենալ այս իրավիճակի լիակատար մեղմացման գործում»։
Բացի այդ, ըստ կուսակցության, Բիձինա Իվանիշվիլին «շնորհակալություն է հայտնել Ֆրանսիայի նախագահին նախաձեռնության համար՝ ողջունելով համատեղ ջանքերի գաղափարը»։
Ելիսեյան պալատն ավելի ուշ նշեց՝ նախագահ Մակրոնը «պահանջել է ազատ արձակել բոլոր անարդարացիորեն ձերբակալվածներին, հարգել խոսքի և հավաքների ազատությունը»: