Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը նախատեսում է պարզեցնել պետական հատվածում վերակազմավորմանն առնչվող հարցերը: Այս նախաձեռնության մասին հայտարարել է «Վրացական երազանք»-ի առաջնորդներից Մամուկա Մդինարաձեն։
«Օրենքում փոփոխություն կմտցվի, որը կպարզեցնի պետական հատվածում վերակազմավորման հարցերը։ Սա կապահովի պետական հատվածի առողջությունը», — ասել է Մդինարաձեն։
Ըստ ընդդիմախոսների՝ այս օրենքի պարզեցումը «Վրացական երազանք»-ին հնարավորություն կտա ավելի հեշտությամբ աշխատանքից ազատելու պետական հատվածի այն աշխատողներին, որոնք ընդդիմացել են կամ կընդդիմանան իշխող ուժի հակաեվրոպական գործողություններին:
Նոյեմբերի 28-ից հետո, երբ «Վրացական երազանք»-ը Եվրամիության հետ անդամակցության բանակցությունների մեկնարկը հետաձգեց մինչև 2028 թվականը, բազմաթիվ պետական գերատեսչությունների աշխատակիցներից ոմանք հրապարակեցին այդ որոշումը քննադատող հայտարարություններ, գործադուլ սկսեցին և միացան եվրոպամետ ցույցերին: