«Վրացական երազանք»-ը պարգևատրելու է եվրոպամետ ցույցերը բռնի ցրած անձանց

Վրաստանի չլեգիտիմացված կառավարությունը ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) 11 բարձրաստիճան պաշտոնյաների կառաջադրի «Արժանիքի շքանշան»-ի։ Կառավարության շենքում կայացած ճեպազրույցում դրա մասին հայտարարել է «Վրացական երազանք»-ի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։

Առաջադրված բարձրաստիճան ոստիկանների թվում են եվրոպամետ հանրահավաքների ցրմանը մասնակցած անձինք, նաև` ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և եվրոպական մի շարք երկրների կողմից պատժամիջոցների ենթարկվածները։

Կոբախիձեի խոսքով, պետական ​​մրցանակին հավակնում են`

  • ՆԳ նախարար, չլեգիտիմացված փոխվարչապետ Վախթանգ Գոմելաուրին,
  • ՆԳ նախարարի առաջին տեղակալ Շալվա Բեդոիձեն,
  • ՆԳ փոխնախարար Ալեքսանդրե Դարախվելիձեն,
  • ՆԳ փոխնախարար Գիորգի Բութխուզին,
  • ՆԳ փոխնախարար Իոսեբ Ճելիձեն,
  • ՆԳՆ Կենտրոնական քրեական ոստիկանության վարչության տնօրեն Թեմուր Կուպատաձեն,
  • ՆԳՆ պարեկային ոստիկանության վարչության տնօրեն Վաժա Սիրաձեն,
  • Թբիլիսիի ոստիկանության վարչության տնօրեն Սուլխան Թամազաշվիլին,
  • Հատուկ առաջադրանքների վարչության տնօրեն Զվիադ Խարազիշվիլին,
  • Հատուկ առաջադրանքների վարչության փոխտնօրեններ Միլլերի Լագազաուրին և Միրզա Կերզևաձեն։

Ի դեպ, պետական ​​բարձրագույն պարգևը կարող է շնորհել միայն նախագահը։ Կոբախիձեն ասել է, որ իրենք կսպասեն նոր նախագահի երդմնակալությանը։

«Վրացական երազանք»-ի վարչապետ Կոբախիձեն նաև ասել է, որ եթե պատժամիջոցների պատճառով որևէ պաշտոնյա ֆինանսական կորուստ ունենա, «պետությունը կփոխհատուցի նրան»։

«Վրացական երազանք»-ի կառավարության դեմ միջազգային պատժամիջոցների կիրառումը սկսվել է 2023 թվականին և ակտիվացել 2024 թվականին։