
«Վրացական երազանք»-ի միակուսակցական խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին հայտարարել է, որ Վրաստանի հետ դիվանագիտական հարաբերությունները վերականգնելու Ռուսաստանի առաջարկն իրատեսական է, սակայն կա մեկ արգելք:
Ըստ Պապուաշվիլիի` դիվանագիտական հարաբերությունների վերականգնմանը հնարավոր չէ հասնել առանց Վրաստանի օկուպացված տարածքների վերադարձի։
«Հենց որ տեսնենք պատնեշը վերացնելու քայլեր, իհարկե` հնարավոր կլինի վերականգնել հարաբերությունները: Բոլորը լավ գիտեն, թե որն է այն պատնեշը, որը խոչընդոտում է Վրաստանի և Ռուսաստանի միջև հարաբերությունների վերականգնմանը: Այդ պատնեշի վերացման գործիքը Ռուսաստանի ձեռքում է: Ուստի մենք սպասում ենք հենց դրան:
Այլ հարցերի մասին ոչինչ ասել չեմ կարող, միակ հարցը վրացական տարածքների օկուպացումն է։ Սա Վրաստանի և Ռուսաստանի հարաբերությունների կարգավորման ճանապարհին միակ պատնեշն է։ Այդ պատնեշը վերացնելը հենց Ռուսաստանի գործն է», — ասել է Պապուաշվիլին։
Պապուշավիլին այսպիսով պատասխանել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինի հայտարարությանն այն մասին, որ Ռուսաստանը պատրաստ է վերականգնել դիվանագիտական հարաբերությունները Վրաստանի հետ։ Գալուզինը, սակայն, ընդգծել է, որ Աբխազիայի և Հարավային Օսիայի «անկախության» հարցը վերանայման ենթակա չէ»։
Այժմ Ռուսաստանը Թբիլիսիից սպասում է փոխադարձ քայլերի՝ փոխզիջումների։ Գալուզինը գոհ է «Վրացական երազանք»-ի քաղաքականությունից և ասել է, որ Հարավային Օսիայից ներողություն խնդրելու նախաձեռնությունը, որը հնչեցրել էր «Վրացական երազանք»-ի հիմնադիր և պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլին, «խելամիտ» էր։