«Վրացական երազանք»-ը մեծացնում է սակրեբուլոներում մեծամասնականների թիվը

Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը կրճատում է սակրեբուլոներում (քաղաքային ավագանի) համամասնորեն ընտրված պատգամավորների թիվը, իսկ մեծամասնականի դեպքում՝ ավելացնում։ Չլեգտիմիացված խորհրդարանը, որտեղ միայն իշխող կուսակցությունն է մտել, օրինագիծը քննարկում է արագացված կարգով։

«Վրացական երազանք»-ն առաջին ընթերցմամբ է ընդունել «Ընտրական օրենսգրքի» այս փոփոխությունները: Միակուսակցական խորհրդարանն օրենքն առաջին ընթերցմամբ ընդունել է 87 ձայնով։

Անցած ընտրությունները ցույց են տալիս, որ ի տարբերություն ընդդիմության, իշխող կուսակցության համար ավելի հեշտ է հաղթել մեծամասնականով, իսկ մանդատների համամասնական վերաբաշխումը մեծացնում է ընդդիմադիր կուսակցությունների՝ սակրեբուլոներ մտնելու հնարավորությունները։

Օրենսդրական այս փոփոխություններով խորհրդարանը վերադառնում է 2017 թվականի իրավիճակին, որը փոխվեց «Շառլ Միշելի համաձայնագրի» ստորագրումից հետո։ Իրավական հարցերի հանձնաժողովի նիստում օրինագծի հեղինակներից Գիվի Միքանաձեն ասել է, թե վերադարձը տարիներ առաջ գոյություն ունեցող մոդելին՝ «ընտրողների շահերից ելնելով է»։

Օրինագծի ընդունման դեպքում.

  • Թբիլիսիի սակրեբուլոյի 50 պատգամավորներից 25-ը կլինեն մեծամասնական (այժմ 10-ը),
  • Ինքնավար քաղաքներում 35 պատգամավորներից 15-ը կլինեն մեծամասնական (այժմ 7-ը),
  • Ինքնավար համայնքներում պատգամավորների ու մեծամասնականների թիվը տարբեր է: Գործող օրենքով մեծամասնականների թիվը տատանվում է 6-ից 15-ի սահմաններում, իսկ համամասնական ընտրակարգով ընտրված պատգամավորների թիվը կրկնակի մեծ է մեծամասնականների թվից։

Խորհրդարանում նախաձեռնված օրենքի նախագծի համաձայն՝ փաստաթուղթը պետք է ուժի մեջ մտնի այն ընդունելուց անմիջապես հետո։ Օրենքի նախագծի ընդունումը պահանջում է երեք լսում և երեք քվեարկություն լիագումար նիստում։ Նախագահի կողմից փաստաթղթի վրա վետո դնելու դեպքում այն ​​վերադարձվում է խորհրդարանի քննարկմանը։

Նախագահը, ինչպես նաև հոկտեմբերի 26-ի խորհրդարանական ընտրություններում անցողիկ շեմը հաղթահարած բոլոր չորս կուսակցությունները ընտրությունները համարում են կեղծված, իսկ խորհրդարանը՝ ոչ լեգիտիմ։ Խորհրդարանում ընդդիմադիր պատգամավոր չի աշխատում: