Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը լքում է Եվրոպայի սոցիալիստական կուսակցությունը (PES), այսօր՝ մայիսի 11-ին, կուսակցության քաղխորհրդի նիստից հետո հայտարարել է «Վրացական երազանքի» նախագահ Իրակլի Կոբախիձեն։
Հատկանշական է, որ PES-ը պլանավորում էր հունիսին վերանայել «Վրացական երազանք»-ի դիտորդ անդամի կարգավիճակը, սակայն «Վրացական երազանքն» ինքը լքեց կուսակցությունը։
Կոբախիձեի խոսքով, PES-ը, առանց իրենց հետ հաղորդակցվելու, «հրապարակային սպառնալիք» է հնչեցրել: Ըստ Կոբախիձեի՝ PES-ի այդօրինակ վերաբերմունքն իրենց համար սկզբունքորեն անընդունելի է։
Կոբախիձեի գնահատմամբ` PES-ի հետ համագործակցության ընթացքում` 2015 թվականից ի վեր, PES-ը ոչ մի հայտարարություն չի արել ի պաշտպանություն «Վրացական երազանքի»։
«Ավելին, Եվրոպական սոցիալիստական կուսակցության առանձին ներկայացուցիչներ պարբերաբար միանում էին արմատական ընդդիմությանն աջակցող քաղաքական արշավներին։
Անցյալ և այս տարի Եվրոպայի սոցիալիստական կուսակցության մի քանի տասնյակ պատգամավորներ պաշտպանեցին անհեթեթ բանաձևերը, որոնցով Եվրախորհրդարանը պահանջում էր պատժամիջոցներ կիրառել մեր կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլիի նկատմամբ, ազատ արձակել երկու հանցագործների՝ Միխեիլ Սաակաշվիլիին և Նիկա Գվարամիային, և մեկ այլ հանցագործի՝ Դավիթ Կեզերաշվիլիի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել»,- ասել է Կոբախիձեն։
Նրա խոսքով, նման պայմաններում «Վրացական երազանքի» անդամակցությունը PES-ին դրական դեր չի խաղացել Վրաստանի եվրաինտեգրման ճանապարհին, ընդհակառակը, լիովին անարդյունավետ էր։
Կոբախիձեն պնդել է՝ «Վրացական երազանքի» հիմնադիր Բիձինա Իվանիշվիլին չի մասնակցել իրենց որոշման կայացմանը։ Նրա խոսքով, այսուհետ «Վրացական երազանքը» հավասար հիմունքներով կհամագործակցի եվրոպական բոլոր քաղաքական կուսակցությունների հետ։
Ի դեպ, PES-ը, որի դիտորդ անդամ էր «Վրացական երազանքը», ապրիլի վերջին հայտարարեց, որ վերանայելու է իշխող կուսակցության հետ գործընկերությունը։ «Վրացական երազանքի» գործընկերների հայտարարությունը հրապարակվել է այն բանից հետո, երբ հայտնի էր դարձել, որ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին մասնակցելու է Հունգարիայում կայացած Պահպանողականների միջազգային համաժողովին (CPAC)։