«Վրացական երազանք»-ը կսահմանափակի առցանց մեդիան և սոցցանցերը

«Վրացական երազանք»-ի միակուսակցական խորհրդարանը մտադիր է հեռարձակողների նկատմամբ կիրառվող սահմանափակումները տարածել առցանց լրատվամիջոցների և սոցիալական ցանցերի վրա։ Այս նախաձեռնության մասին ոլորտային տնտեսության և տնտեսական քաղաքականության հանձնաժողովի նիստում խոսել է նույն կուսակցության անդամ Արչիլ Գորդուլաձեն։

Գորդուլաձեն նշել է, թե հաշվի առնելով, որ տեխնոլոգիաները կատարելագործվում ու զարգանում են, իսկ տեղեկատվությունը տարածվում է տարբեր միջոցներով, տվյալ պարագայում օրենսդրական փոփոխություններ պետք է լինեն:

«Ինտերնետ մեդիա ծառայություններ մատուցող է համարվում հեռարձակող կամ այլ անձ, որը պետական ​​լեզվով զանգվածային տեղեկատվություն տրամադրելու նպատակով բացառապես տիրապետում է կամ համատեղ օգտագործում է ինտերնետ տիրույթը և ինտերնետ հոսթինգը։ Սա այն բովանդակությունն է, որն ավելի ճշգրիտ սահմանումով կներկայացվի երկրորդ լսումների ձևաչափով», — ասել է Գորդուլաձեն։

Նա նաև նշել է, որ այդ կարգավորումները վերաբերում են նաև սոցիալական մեդիայի այն էջերին, որոնք գոյություն ունեն տարբեր հարթակներում. «Առաջարկվող օրինագիծը կսահմանի, թե ինչ է ինտերնետ ծառայությունը և կօգտագործվի ինտերնետ ծառայության սահմանումը, ըստ որի՝ ինտերնետ ծառայություններ մատուցողը Վրաստանի պետական ​​լեզվով տեղեկատվությունը կտեղադրի նշանակված ինտերնետային տիրույթում կամ ինտերնետ հոսթինգի միջոցով, նաև իր սեփական հավելվածում կամ երրորդ կողմի տեղեկատվության փոխանակման հարթակում, ներառյալ սոցիալական ցանցերը»:

Սոցցանցերը կարգավորելու նախաձեռնությունը մարտի 4-ին հնչեցրեց իր հակաարևմտյան հռետորաբանությամբ հայտնի «Ժողովրդի ուժը» կուսակցությունը։

«Վրացական երազանք»-ից առանձնացած և կեղծ ընդդիմություն դարձած «Ժողովրդի ուժը» քաղաքական խմբի անդամ Սոզար Սուբարին միակուսակցական խորհրդարանում «Հեռարձակման մասին» օրենքում փոփոխությունների քննարկման ժամանակ հանդես էր եկել սոցիալական ցանցերը կանոնակարգելու նախաձեռնությամբ։

Այդ օրը՝ մարտի 4-ին, աղմկահարույց խորհրդարանում առաջին ընթերցմամբ ընդունվեցին «Հեռարձակման մասին» օրենքում փոփոխությունները։ Նախագծով ամբողջությամբ արգելվում է օտարերկրյա ֆինանսավորումը, նոր սահմանափակումներ են սահմանվում լրագրողների մասնագիտական ​​գործունեության վրա, խստացվում են վերահսկողությունն ու պատժիչ միջոցները։

Բացասական սպասումներին գումարվում է անվստահությունը Վրաստանի հաղորդակցության հանձնաժողովի (ComCom) հանդեպ, որի նկատմամբ «Վրացական երազանք»-ն ընդլայնում է վերահսկողության և պատժի շրջանակը։ Լրատվամիջոցների ինքնակարգավորման մեխանիզմը թուլանում է:

«Վրացական երազանք»-ի նախաձեռնած օրենսդրական փոփոխություններն ակնհայտորեն հակասում են խոսքի ազատության ոլորտում միջազգային չափանիշներին, նշել է «Թրանսփարենսի Ինթերնեշնլ-Վրաստան» (TI) հասարակական կազմակերպությունը (ՀԿ):