![](https://www.aliq.ge/wp-content/uploads/2025/02/Screenshot-2025-02-05-163404.png)
Վրաստանի իշխող «Վրացական երազանք»-ի չլեգիտիմացված պատգամավորներ Իլիա Ինջիան, Վառլամ Լիպարտելանին և Նիկա Էլիսաշվիլին այսօր՝ փետրվարի 5-ին, ճեպազրույցում հայտարարեցին, որ որոշել են դուրս գալ մեծամասնությունից և շարունակել աշխատել որպես ընդդիմադիր կուսակցություն։
Ըստ փորձագետների և ընդդիմության՝ «Վրացական երազանք»-ն այսպիսով կեղծ ընդդիմություն է ստեղծում: Ի դեպ, սա «Վրացական երազանք»-ի ստեղծած 2-րդ կեղծ ընդդիմությունն է:
Ինջիան ճեպազրույցում ասել է, որ իրենց միությունը ստեղծվել է «Եվրոպական սոցիալիստներ» քաղաքական խմբի հիման վրա և նպատակը անվանել է ընդդիմադրի «Միացյալ ազգային շարժում» կուսակցության վրեժխնդրության կանխումը և «երկիրը մութ անցյալ վերադարձնել» թույլ չտալը։
Ուշագրավ է, որ այս խումբն ընդդիմադիր պատգամավոր աշխատելու որոշման մասին հայտարարել է այն բանից հետո, երբ փետրվարի 5-ին «Վրացական երազանք»-ի քվեարկությամբ 49 ընդդիմադիր պատգամավորների պատգամավորական մանդատը դադարեցվեց։
2024 թվականի դեկտեմբերին «Վրացական երազանք»-ի արբանյակ հանդիսացող «Ժողովրդի ուժ» հակաարևմտյան կուսակցության ներկայացուցիչները, որոնք օրենսդիր մարմին էին մտել «Վրացական երազանք»-ի կուսակցության ցուցակով, «առողջ ընդդիմություն» ստեղծելու անվան տակ առանձնացան խորհրդարանական մեծամասնությունից։
Փետրվարի 5-ին խորհրդարանական վիճահարույց նիստում քվեարկվեց 49 ընդդիմադիր պատգամավորների մանդատը վաղաժամկետ դադարեցնելու օգտին, ինչի արդյունքում օրենսդիր մարմինն այժմ ունի 101 չլեգտիտիմացված անդամ: Դահլիճում ներկա գտնվող «Վրացական երազանք» և «Ժողովրդի ուժ» կուսակցությունների ներկայացուցիչների կողմից որոշումը ընդունվել է ծափահարություններով։