«Վրացական երազանք»-ը և Աբու-Դաբիի ներդրումները

Այս տարվա հունվարի վերջին «Վրացական երազանք»-ի պատվիրակությունը Աբու-Դաբիում Արաբական Միացյալ Էմիրությունների հետ հռչակագիր ստորագրեց։

X-ում «Վրացական երազանք»-ի վարչապետ Իրակլի Կոբախիձեն նշել է՝ հռչակագիրը «բազմաֆունկցիոնալ ենթակառուցվածքային» նախագծի մասին է, որը նախատեսում է անկախ Վրաստանի պատմության մեջ ամենամեծ՝ 6 մլրդ ԱՄՆ դոլարի ներդրում։ Դա, ըստ նրա, «նշանակալիորեն կնպաստի երկրի տնտեսության զարգացմանը, կարագացնի տնտեսական աճը՝ ստեղծելով նոր աշխատատեղեր և ներգրավվելով նորանոր ներդրումներ։ Դա Վրաստանը կդարձնի իսկական բազմաչափ հանգույց բոլոր բիզնեսների համար»։

Հռչակագրի ստորագրությունը լուսաբանելու էր մեկնել 5 իշխանամետ լրատվամիջոց։ Հաշվի առնելով այն, որ 2024 թվականի վերջին եռամսյակում ուղիղ արտասահմանյան ներդրումները նախորդ տարվա համեմատ 55.2 տոկոսով նվազել են, պարզ է տվյալ ծրագրի հանդեպ «Վրացական երազանք»-ի աժիոտաժը։

Վրացական կողմից հռչակագիրը ստորագրել են տնտեսության նախարար Լևան Դավիթաշվիլին և Աջարիայի Ինքնավար Հանրապետության կառավարության նախագահ Թոռնիկե Ռիժվաձեն։ Խոսելով 6 մլրդ ներդրման մասին՝ Դավիթաշվիլին մանրամասնել է՝ ունեցել են տարբեր ոլորտների բարձ ներկայացուցիչների հետ հանդիպումներ, ակնկալում են ներդրումներ Պարսից ծոցի երկրներից։

Հայտնի է, որ Թբիլիսիում և Գոնիոյում կառուցվելու է «բազմաֆունկցիոնալ ենթակառուցվածքային նախագիծ», մանրամասները, ժամկետները, սակայն, հայտնի չեն։

Arabian Gulf Business Insight (AGBI) հարթակում հրապարակվել է տեղեկություն, ըստ որի՝ նախագծերից մեկը կընդգրկի Թբիլիսիի Կրծանիսի այգին, որը կլինի բազմաֆունկցիոնալ նախագիծ՝ բնակելի և կոմերցիոն տարածքներով։

Իսկ Բաթումիում Gonio Marina նախագիծը կներառի բրենդային բնակավայրեր, հյուրանոցներ և զբոսայգիներ։

Նախագիծը կիրականացնեն ԱՄԷ-ի Emaar Properties և Eagle Hills ընկերությունները։ Emaar Properties -ը ղեկավարում է Էմիրությունների պետական հիմնադրամը։ Հենց այդ ընկերությունն է մշակել «Բուրջ Խալիֆայի» և «Դուբայ մոլի» նախագծերը։ Սույն ընկերության սեփականատիրոջը՝ Մուհամեդ Ալի Ալաբարիին է պատկանում նաև Eagle Hills-ը։ Ալաբարին դեռ 2024 թվականի փետրվարին էր հանդիպել Լևան Դավիթաշվիլիի հետ՝ ներդրումային ծրագիրը քննարկելու նպատակով։

Ժամկետները և ազդեցությունը Վրաստանի տնտեսության վրա

«Վրացական երազանք»-ի փոխվարչապետ, էկոնոմիկայի նախարար Լևան Դավիթաշվիլին ակնկալում է, որ նախագիծը կտևի 3-5 տարի, որը տարեկան մոտավորապես 1 մլրդ ԱՄՆ դոլարի ներդրում է ենթադրում։ Ավելի ճշգրիտ ժամկետները հայտնի կլինեն գործողությունների ծրագիրը մշակելուց հետո։ Ըստ «Վրացական երազանք»-ի՝  ներդրումը Վրաստանի տնտեսությունը տարեկան 1-1.5 տոկոսով կզարգացնի, իսկ Թբիլիսիի և Բաթումիի տնտեսությունը տարեկան՝ 2-3 տոկոսով։

Ինչ է հայտնի Emaar Properties և Eagle Hills ընկերությունների, նրանց իրականացրած նախագծերի մասին

Emaar Properties -ը և Eagle Hills-ը երկար տարիներ Միացյալ Արաբական Էմիրություններից դուրս ներգրավված են դևելոփերական նախագծերում։ Emaar Properties-ը հիմնականում գործում է Մերձավոր Արևելքում, իսկ Eagle Hills-ն ունի խոշոր նախագծեր նաև Եվրոպայում, այն Emaar Properties-ի դուստր ընկերությունն է։ Վերջին տարիներին Eagle Hills-ը կառուցել է 28 հյուրանոց և մի շարք բազմաֆունկցիոնալ համալիրներ։ Վերջերս Հունգարիայի կառավարությունից 129 միլիոն դոլարով ձեռք է բերել 85 հեկտար հող Բուդապեշտում, որտեղ ստացել է ամբողջական թաղամաս կառուցելու, այդ թվում՝ Եվրոպական Միության ամենաբարձր երկնաքերները կառուցելու իրավունք։ Այդ 5,2 միլիարդ դոլար արժողությամբ նախագիծը տեղի բնակիչները անվանել են «փոքր Դուբայ»։

Eagle Hills-ի ևս մեկ խոշոր նախագիծ կլինի «Թրամփ» հյուրանոցը Բելգրադում, որտեղ Մոհամեդ Ալի Ալաբարն աշխատում է Դոնալդ Թրամփի փեսայի՝ Ջարեդ Քուշների Affinity Partners ընկերության հետ։ Affinity Partners-ը հիմնադրվել է 2021 թվականին՝ Ջարեդ Քուշների Սպիտակ տունը լքելուց հետո, այդ ժամանակից ի վեր, այդ ընկերությունը միլիարդավոր դոլարների ներդրումներ է ներգրավել Սաուդյան Արաբիայից, ԱՄԷ-ից և Քաթարից։

Հեղինակ՝ Մարիաննա Մանուկյան