Ամերիկացի երեք սենատորներ իրենց աջակցությունն են հայտնել Վրաստանի ժողովրդին, որը «խաղաղ կերպով պաշտպանում է իր ժողովրդավարական և եվրոպական նկրտումները» իշխող «Վրացական երազանք» կուսակցության «դաժան բռնաճնշումների» դեմ։
Հելսինկյան հանձնաժողովի համանախագահ, դեմոկրատ Բեն Քարդինի և բարձրաստիճան անդամներ հանրապետականներ Ռոջեր Ուիքերի և Ջոն Քորնինի համատեղ հայտարարության մեջ ասվում է, որ «Վրացական երազանք»-ի որոշումը՝ մինչև 2028 թվականը հրաժարվել եվրաանդամակցության բանակցությունների մեկնարկից, լջագույն դավաճանություն է վրաց ժողովրդի՝ եվրոպական արժեքներով և ինստիտուտներով շրջապատված լինելու հստակ ցանկությանը։
Ըստ սենատորների՝ դա ոչ թե ժողովրդավարական բարեփոխումներին և բազմակարծությանը հավատարիմ կառավարության վարքագիծ է, այլ վտանգավոր ռեժիմի, որը Վրաստանը ներքաշում է դեպի ռուսական ոճի ավտոկրատիա, և այդ գործողությունները կոպտորեն խախտում են միջազգային ժողովրդավարական նորմերը` խաթարելով վրաց ժողովրդի օրինական նկրտումները։
Ամերիկացի սենատորները դատապարտում են խաղաղ ցուցարարների նկատմամբ բռնությունը՝ ընդգծելով, որ Թբիլիսիի փողոցները արցունքաբեր գազի, ռետինե փամփուշտների, ջրցան մեքենաների, ծեծի և զանգվածային ձերբակալությունների վայր չեն։
Նրանք Վրաստանի կառավարությանը պատասխանատու են համարում մարդու իրավունքների ոտնահարման և ժողովրդավարական սկզբունքների խախտման համար՝ շեշտելով, որ պետք է պատասխան տա իր ժողովրդին և միջազգային հանրությանը: