Վրաստանի խորհրդարանական մեծամասնությունը՝ իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը չի մասնակցի խորհրդարանի արտահերթ նստաշրջանին: Այս մասին խորհրդարանում կայացած ճեպազրույցում հայտարարել է «Վրացական երազանք»-ի պատգամավոր Գիվի Միքանաձեն։
Ըստ Միքանաձեի՝ գործընթացի նպատակը ոչ թե Եվրահանձնաժողովի հանձնարարականի կատարումն է, այլ բևեռացումը խորացնելը։ Նրա խոսքով, ընդդիմության օրակարգը չի համապատասխանում կանոնակարգի պահանջներին։
«Մեր խմբակցության 81 անդամներից ոչ ոք չի մասնակցի արտահերթ նիստին»,- ասել է Միքանաձեն։
Միքանաձեն հավելել է՝ քանի որ «Վրացական երազանքը» չի մասնակցի խորհրդարանի նիստին, և քվորում չի լինի, հետևաբար նիստը չի կարող բացվել։
Նշենք, որ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հաշվի առնելով ընդդիմության խնդրանքը՝ հուլիսի 15-ին իր ճեպազրույցում հայտնել էր, որ աջակցում է ընդդիմության կողմից հուլիսի 18-ին արտահերթ նիստ հրավիրելու որոշումը: