
«Վրացական երազանք»-ի միակուսակցական, վիճահարույց խորհրդարանի իրավական հանձնաժողովի նախագահ Արչիլ Գորդուլաձեն հայտարարել է, որ «Հեռարձակման մասին» օրենքի փոփոխությունները թեև չեն ազդի առցանց և տպագիր մամուլի վրա, սակայն «տեխնոլոգիաների զարգացման հետ կապված լրացուցիչ մարտահրավեր կա», և այդ ուղղությամբ աշխատանքը կարող է շարունակվել։
Միակուսակցական խորհրդարանում այսօր՝ մարտի 3-ին, Ոլորտային տնտեսության և տնտեսական քաղաքականության հանձնաժողովի նիստում քննարկվում էին «Հեռարձակման մասին» օրենքի փոփոխությունները:
«Իհարկե, կա մարտահրավեր, և հասարակության մի ստվար զանգված իր տեղեկատվությունը ստանում է այդ լրատվամիջոցներից, և մենք կշարունակենք աշխատել այս խնդրի կարգավորման ուղղությամբ։ Այստեղ ներկայացված փոփոխությունները հաշվի չեն առնում մարդու իրավունքների պաշտպանության անհրաժեշտությունը թե՛ հեռարձակողների տեղեկատվության տարածման, թե՛ առցանց լրատվամիջոցների տարածման առումով», — ասել է Գորդուլաձեն:
Հեռարձակողների հետ կապված երկու փոփոխությունների նախագիծը սպասում է վիճահարույց խորհրդարանի քվեարկությանը.
- գրեթե ամբողջությամբ արգելվում է օտարերկրյա ֆինանսավորումը,
- նոր սահմանափակումներ են մտցվում լրագրողների մասնագիտական գործունեության նկատմամբ, խստացվում են վերահսկողական ու պատժիչ միջոցները։
Այս օրենսդրական փոփոխություններով Վրաստանի հաղորդակցության հանձնաժողովը (ComCom) իրավունք կունենա քննարկելու հարցեր, որոնք նախկինում եղել են ինքնակարգավորման շրջանակում, և կարող է տուգանել հեռուստատեսություններին ու ռադիոկայաններին։
«Վրացական երազանք»-ի նախաձեռնած օրենսդրական փոփոխություններն ակնհայտորեն հակասում են խոսքի ազատության ոլորտում միջազգային չափանիշներին, նշել է «Թրանսփարենսի Ինթերնեշնլ-Վրաստան» (TI) հասարակական կազմակերպությունը (ՀԿ):