«Վրացական երազանք». ամեն ինչ կուսակցության մասին. ՄԱՍ 1

Վրաստանի խորհրդարանական ընտրությունները մոտենում են։ Քաղաքական բոլոր սուբյեկտներն արդեն ներկայացրել են իրենց նախընտրական ծրագրերն ու ցուցակները։ Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովում (ԿԸՀ) այսօրվա դրությամբ գրանցված է 18 ընտրական սուբյեկտ (տե՛ս ԿԸՀ-ում գրանցված ընտրական սուբյեկտների ցանկը

«Ալիք Մեդիա Վրաստան»-ը ներկայացնում է քաղաքական սուբյեկտների, կուսակցությունների ու կոալիցիաների վերլուծությունը, մասնավորապես՝ նրանց նախընտրական ծրագրերը, խոստումները, ինչպես նաև քաղաքական անցյալը։

Այսպիսով, այս հրապարակմամբ ներկայացնում ենք «Վրացական երազանք» քաղաքական իշխող ուժին, որը երկիրը ղեկավարում է արդեն 12 տարի (2012-2024)։ «Վրացական երազանքը» ընտրություններին կմասնակցի «41» համարի ներքո և այսօրվա դրությամբ մեծամասնություն է Վրաստանի օրենսդիր մարմնում։

Ստորև ներկայացնում ենք «Վրացական երազանք»-ի նախընտրական ցուցակը։

«Վրացական երազանք»-ի նախընտրական ցուցակ

2024 թվականի սեպտեմբերի 26-ին՝ խորհրդարանական ընտրություններից ուղիղ մեկ ամիս առաջ, «Վրացական երազանքը» ներկայացրել է 150 հոգանոց խորհրդարանի 170 հոգանոց ընտրացուցակը։

Սեպտեմբերի 10-ին իշխող կուսակցությունը ներկայացրել էր խորհրդարանական ընտրությունների իր համամասնական ցուցակի առաջին տասնյակը, որը գլխավորում է կուսակցության պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլին․ վերջինս ընտրություններից առաջ երկրորդ անգամ վերադարձավ քաղաքականություն:

Նշենք, որ մինչ այժմ 2020 թվականի հոկտեմբերի 31-ի խորհրդարանական ընտրություններին ներկայացված նախընտրական ցուցակը գլխավորել է այն ժամանակվա վարչապետի պաշտոնակատար Գիորգի Գախարիան, 2016 թվականի հոկտեմբերի 8-ի խորհրդարանական ընտրություններում ներկայացված նախընտրական ցուցակը՝ Գիորգի Կվիրիկաշվիլին (այդ տարիներին վարչապետի պաշտոնակատար, «Վրացական երազանքի» առաջնորդ), իսկ Կախա Կալաձեն 2012 թվականի կոալիցիոն ցուցակի առաջին համարն էր։

«Վրացական երազանքի» այս տարվա նախընտրական ցուցակը բավականին «հետաքրքիր» է թվում․ ցուցակում ընդգրկված են կուսակցության «հավատարիմ կադրեր»-ը, հայտնի մարզիկներ և այլ նոր դեմքեր՝ ակադեմիական և բիզնեսի փորձով։ Իշխող կուսակցությունը պնդում է, որ այս թիմը լինելու է Վրաստանի խաղաղության, արժանապատվության, բարգավաճման և եվրոպական ապագայի երաշխավորը։

Վրաստանի վարչապետի պաշտոնակատար Իրակլի Կոբախիձեն կուսակցության նախընտրական ցուցակի երկրորդ համարն է, իսկ չորրորդ համարը՝ խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին։ Հենց նրանց պաշտոնավարման օրոք ընդունվեց «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքը, այսպես կոչված. «Ռուսական օրենքը», որը փաստացիորեն վնասել է ինչպես Վրաստանի եվրաինտեգրման գործընթացին, այնպես էլ ԱՄՆ-Վրաստան հարաբերություններին։

«Վրացական երազանքի» ընտրական ցուցակում կան նաև խորհրդարանականներ. մեծամասնության առաջնորդ, կուսակցության գործադիր քարտուղար Մամուկա Մդինարաձեն (թիվ 5), Եվրոպական ինտեգրման հանձնաժողովի նախագահ (2020 թվականից) Մակա Բոչորիշվիլի (թիվ 9), Իրավական կոմիտեի նախագահ Անրի Օխանաշվիլին (թիվ 13) և արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Նիկոլոզ Սամխարաձեն (թիվ 14):

Նշենք, որ դասակի կազմում են նաև «ժողովրդի ուժ»-ի անդամներ՝ նախկին հանրային պաշտպան և տեղահանվածների հարցով նախկին նախարար Սոզար Սուբարին (թիվ 11), նախկին ֆուտբոլիստ Միխեիլ Կավելաշվիլին (թիվ 18)։ Տեղեկատվության համար նշենք՝ «ժողովրդի ուժ»-ը հակաարևմտյան բնույթ ունեցող քաղաքական ուժ է, որը 2024 թվականի մարտի 18-ին հիմնել են «Վրացական երազանք»-ից հեռացած Սոզար Սուբարին, Դիմիտրի Խունդաձեն և Միխեուլ Կավելաշվիլին։ Մինչ այդ՝ 2022 թվականից, այն ներկայացնում էր քաղաքացիական շարժում, որի հիմնական նպատակն էր «հասարակությանը զինել ճշմարտությամբ՝ պաշտպանելու Վրաստանի ազգային շահերը Ուկրաինայում շարունակվող պատերազմի ֆոնին»։

Ցուցակի նոր դեմքերից են մարզիկները՝ ծանրորդ Լաշա Տալախաձեն և ըմբիշ Գենո Պետրիաշվիլին։ Նոր դեմքեր են նաև գործարար, տեղեկատվական տեխնոլոգիաների SKILWILL ընկերության հիմնադիր Վախթանգ Թուրնավան (թիվ 8), կին նկարիչների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ Էկա Չիչինաձեն (թիվ 15), գործարար, շինարարական արդյունաբերության ընկերության BK Construction հիմնադիր և «Կապիտալ Ճորճիա» ընկերության ղեկավար Շոթա Բերիկաշվիլին (թիվ 16) և այլք։

Ցուցակի երրորդ համարը Իրակլի Ղարիբաշվիլին է, իսկ վեցերորդը՝ Թեա Ծուլուկիանին։ Վերջինս 2012 և 2020 թվականներին պատգամավորական ցուցակում էր, երկու անգամ էլ տեղափոխվել է նախարարների կաբինետ՝ 2012-2020 թվականներին եղել է արդարադատության նախարար, 2021 թվականից մինչև 2024 թվականի սեպտեմբերի 26-ը՝ Վրաստանի մշակույթի, սպորտի և երիտասարդության նախարար։

Նշենք, որ խորհրդարանի նախկին նախագահ Արչիլ Թալակվաձեն, որ 2020 թվականի ցուցակում զբաղեցրել է երկրորդ տեղը, այսօրվա ցուցակում չկա։ Մամուկա Մդինարաձեն ասել է, որ Թալակվաձեի հետ լուրջ խորհրդակցություններ են ընթանում, սակայն նա ոչինչ չի բացահայտի, քանի դեռ համաձայնություն ձեռք չի բերվել։ Նրա խոսքով, կառավարությունում դիտարկվում են «Վրացական երազանքի» մի քանի անդամներ, հետևաբար, նրանցից մեկը կարող է լինել Արչիլ Թալակվաձեն։

Արչիլ Թալքվաձեից զատ, ամբողջական ցուցակում այլևս չկա նաև Բեքա Օդիշարիան, նա հայտնի է ընդդիմադիր կին պատգամավորների հասցեին իր «անպարկեշտ ու վիրավորական» արտահայտություններով։ Ցուցակում չեն նաև հայտնի դաշնակահար Էլիսո Բիլքվաձեն և Ֆուտբոլի ազգային ֆեդերացիայի ղեկավար Լևան Կոբիաշվիլին։

Նշենք նաև, որ «Վրացական երազանքի» մի քանի ակտիվ «հավատարիմ» պատգամավորներ նույնիսկ չեն հայտնվել ցուցակի առաջին 50-յակում, այդ թվում՝ Նինո Ցիլոսանին (Խորհրդարանի փոխնախագահ), ներկայումս 61-րդ տեղում է, թեև 2020 թվականի ընտրական ցուցակում 24-րդն էր։ Իր հակաարևմտյան հայտարարություններով հայտնի Իրակլի Զարքուան ցուցակի 72-րդ հորիզանականում է, 2020-ի ցուցակում 41-ն էր։ Մարիամ Լաշխին, որ «Գլոբալ պատերազմի կուսակցությունը» համեմատել է մասոնների հետ, ցուցակի 59-րդ տեղում է, 2020-ին 19-րդ տեղում էր։ Ալուդա Ղուդուշաուրին զբաղեցնում է ցուցակի 70-րդ տեղը, 2020 թվականին՝ 39-րդ։

Նշենք, որ «Վրացական երազանք»-ի 2024 թվականի խորհրդարանական ընտրությունների ընդհանուր ընտրական ցուցակում կա 27 կին և 143 տղամարդ։ Այս տարվա ապրիլի 4-ին Վրաստանի խորհրդարանը չեղարկել է պարտադիր գենդերային քվոտաները, ինչի արդյունքում ընտրացուցակում կանանց թիվը նվազել է։ ​​2020-ին «Վրացական երազանք»-ի 150 հոգանոց ընտրացուցակում ներկայացված էր 37 կին և 113 տղամարդ։ Բացի այդ, ցուցակի առաջին դասակում ընդամենը 5 կին կա, իսկ մնացածները ցուցակի ոչ գլխավոր հատվածներում են։

Ինչ վերաբերում է «Վրացական երազանքի» նախընտրական ցուցակում ազգությամբ հայ թեկնածուների թվին, թե՛ 2016-ին, թե՛ 2020-ին, թե՛ 2024-ին, այն չի փոխվում, հավասար է՝ 2։ 2016-ի համամասնական ցուցակում Սամվել Մանուկյանը 23 համարի ներքո էր, մասնակի մեծամասնականում՝ Էնզել Մկոյանը՝ 46 (Նինոծմինդա/Ախալքալաք)։ 2020-ի կուսակցության ցուցակում Սումբատ Կյուրեղյանը 37, Սամվել Մանուկյանը 134-րդ էին։ Նրանք ընդգրկված են նաև 2024 -ի կուսակցական ցուցակում, թեև Կյուրեղյանն այս անգամ ցուցակի 68-րդ հորիզանականում է, իսկ Սամվել Մանուկյանը՝ 36-րդ՝ այժմ որպես «Վրացական երազանք»-ի պատվիրակ Ախալքալաք-Նինոծմինդայում։

Ակնհայտ է, որ «Վրացական երազանքի» նախընտրական ցուցակում կանանց և ազգային փոքրամասնությունների թեկնածուների թիվը փոքր է, ինչն ակնհայտորեն խոչընդոտում է արդար և ներկայացուցչական ժողովրդավարության գոյությանը։ Կանանց և էթնիկ փոքրամասնությունների, առհասարակ, տարբեր սոցիալական խմբերի ներկայացուցիչների հավասար ներկայացվածությունը կենսական նշանակություն ունի ներառական քաղաքական մշակույթի ներդրման և զարգացման համար:

Հեղինակ՝
Էդիկ Կամալյան