
2025 թվականի փետրվարի 26-ին հաղորդվել էր, որ Ներքին գործերի նախարարությունը, համաձայն «Վրացական երազանքի» կառավարության որոշումների և նախարարության դատաբժշկական վարչության պահանջի, իսրայելական Cellebrite ընկերությունից 6,796,092 լարիի սարքավորումներ և ծրագրային ապահովում է գնել, որը հնարավոր է դարձնում կարդալ բջջային հեռախոսներում, համակարգիչներում և այլ թվային սարքերում պահվող տեղեկատվությունը։
Celebrite-ն ընկերություն է, որը հիմնադրվել է Իսրայելում 1999 թվականին: Նրա արտադրանքը՝ UFED-ը (Դատական արդյունահանման համընդհանուր սարք), թույլ է տալիս իրավապահներին «ջարդել» կոդավորված կամ գաղտնաբառով պաշտպանված շարժական սարքերը և այնտեղից քաղել բոլոր անհրաժեշտ տեղեկությունները: Այս համալիրը ներառում է ամբողջական ծրագրակազմ, որն ավտոմատ կերպով իրականացնում է տվյալների արդյունահանումը:
Գնման հայտարարությանը կից կառավարությանն ուղղված նամակում Cellebrite-ի վաճառքի մենեջեր Ալբերտ Կացիրը նշել է, որ Վրաստանը միակ երկիրն է կովկասյան տարածաշրջանում, որին իրենք իրավունք ունեն սարքավորումներ վաճառելու, նաև հավելել է, որ դա կարող է փոխվել։ Ըստ այդմ, Կացիրն առաջարկում է կառավարությանը գնել սարքավորումներ և ծրագրային ապահովում՝ նախքան Վրաստանում ծառայությունների մատուցումը սահմանափակելու որոշում կայացնելը։
Բազմաթիվ հասարակական կազմակերպություններ և փորձագետներ նշում են, որ այս համագործակցությունը վտանգ է ներկայացնում անձնական տեղեկատվության գաղտնիության համար:
«Վրաստանի հայ համայնքային հարթակ»-ի նախագահ, միջազգային հարցերով փորձագետ Գիորգի Թումասյանը «Ալիք Մեդիա Վրաստան»-ի հետ զրույցում ասաց, որ դա հերթական ռեպրեսիաների տարբերակ է, որը երկիրը տանում է դեպի բռնապետություն:
««Վրացական երազանք»-ը փորձում է անօրինական ձևով տիրապետել և վերահսկել մարդկանց էլեկտրոնային հաշիվները, հեռախոսները, այլ սարքեր և այլն: Սա ևս մեկ անգամ հիշեցնում է մեզ, որ մենք գտնվում ենք բավականին ծանր վիճակում՝ ժողովրդավարության և բռնապետության ճանապարհի խաչմերուկում»,- նշեց Թումասյանը:
Ըստ նրա՝ «սա բռնապետություն ձևավորելու ակնհայտ գործընթաց է, որը շատ լուրջ հետևանքներ կարող է ունենալ»:
«Վրաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան» (GYLA) կարծում է, որ պետությունն ակտիվորեն օգտագործում է անձնական տվյալների չարտոնված հավաքագրման և մշակման հետ կապված պրակտիկա՝ ի պատասխան շարունակվող բողոքի ակցիաների:
«Հատկանշական է, որ սա առաջին դեպքը չէ, երբ պետությունը ներդնում է որոշակի տեխնոլոգիաներ և հետագայում դրանք օգտագործում քաղաքացիների իրավունքների վատթարացման համար կամ խաղաղ ցույցերի մասնակիցների դեմ։ Դրա օրինակն է տեսախցիկների գնումը, որոնք ներկայումս ակտիվորեն օգտագործվում են բողոքի ակցիայի մասնակիցների դեմ և ապագայում կարող են օգտագործվել անձանց նույնականացման և խտրական հսկողության նպատակով»,- նշված է GYLA-ի զեկույցում:
«Նման ռեժիմի ձեռքում այսպիսի տեխնոլոգիաների առկայությունը ակնհայտորեն սպառնալիք է մարդու իրավունքների առումով։ «Վրացական երազանք»-ը նախկինում էլ կիրառել է մարդկային վերահսկողության մեխանիզմներ։ Այն փաստը, որ նա զինվում է վերահսկողություն իրականացնելու նոր գործիքներով, պետք է արթնացման կոչ լինի հասարակությանը, այդ թվում՝ միջազգային հանրությանը»,- Formula հեռուստաընկերութանն ասել է GLYA-ի վերլուծաբան Թազո Կիրտավան: