Վրացական ցիտրուսի արտահանման ծավալներն այս տարի նախորդ տարվա համեմատ աճել են 6 անգամ: Այս մասին տվյալները ներկայացրել է Վրաստանի Շրջակա միջավայրի և գյուղատնտեսության նախարարությունը:
Մասնավորապես 2017-ի նոյեմբերի 1-ից 11-ն ընկած ժամանակահատվածում արտահանվել է 55 տոննա ցիտրուս, իսկ 2018-ի նույն ժամանակահատվածում՝ 610 տոննա:
Նախորդ տարի սեպտեմբերի 1-ից նոյեմբերի 11-ը ընկած ժամանակահատվածում վրացական ցիտրուսի արտահանումը հասել է 106 տոննայի: Այս տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը հասնում է 718 տոննայի:
Նախարարությունից նշում են, որ այս տարին ամենաբերքառատ տարիներից էր, որ ավելի շատ արտահանման հնարավորություն է տալիս։ Վրացական ցիտրուսն իրացնելու հիմնական շուկաներ են համարվում Ռուսաստանը, Հայաստանը, Ուկրաինան և Ղազախստանը:
Այս տարի ևս (նոյեմբերի 25-ից) ոչ ստանդարտ մանդարինների հարցով պետությունը կսուբսիդավորի ֆերմերներին: