Վրաստանում մարտի 21-ին նշվել է «Վրաց ժուռնալիստիկայի օրը»։ Հատկանշական է, որ ընթացիկ տարում լրագրողներ համար սահմանված այս տոնը համալրվել է երկու նշանակալի իրադարձությամբ՝ վրաց լրատվության 200 և Վրաստանի լրագրողների ստեղծագործական միության հիմնադրման 60-ամյակներով։ Տոնի կապակցությամբ շնորհավորանքներ են հղել երկրի վարչապետ Մամուկա Բախտաձեն, ինչպես նաև խորհրդարանի խոսնակ Իրակլի Կոբախիձեն։
Վրաստանի Լրագրողների ստեղծագործական միությունը պարգևատրել է լրատվամիջոցների առանձին ներկայացուցիչների։ Վրաց լրատվության զարգացման, լրատվության ոլորտում ազգամիջյան բարիդրացիական հարաբերությունների հաստատման գործում ներդրած ավանդի համար «Վրաստան» թերթի խմբագիր, Վրաստանի վաստակավոր ժուռնալիստ Վան Բայբուրթյանը պարգևատրվել է «Երախտիքի դիպլոմով»։
Վրաց ժուռնալիստիկայի օրը սահմանվել է ի նշանավորումն 1819 թվականի մարտին վրացական «Սաքարթվելոս գազեթի» թերթի առաջին համարի լույսընծայման: Ընդ որում, «Սաքարթվելոս գազեթի» թերթի առաջին համարում նշված էր, որ պարբերականի լույսընծայման գործում ֆինանսական աջակցություն է ցուցաբերել Վիրահայոց թեմի առաջնորդ Ներսես արքեպիսկոպոս Աշտարակեցին:
Նյութի աղբյուր՝ «Վրաստան» թերթ: