Վրաստանում եվրոպական ընտանիքին միանալու հարցով վերջին շրջանում բազմամարդ ակցիաներ կազմակերպող «Սիրցխվիլիա» («Ամոթ է») շարժումը հայտարարություն է տարածել, որում շնորհավորել է Ուկրաինային և Մոլդովային ԵՄ թեկնածուի կարգավիճակ ստանալու կապակցությամբ:
Հայտարարության մեջ ասվում է, որ վրաց ժողովուրդը սկզբունքորեն պաշտպանելու է եվրոպական ընտրությունն ու ապագան։
Ըստ «Սիրցխվիլիա»-ի՝ քաջ հայտնի է, թե ինչն է հետ պահում Վրաստանին եվրաինտեգրման ճանապարհից, և դա արձանագրվել է Եվրահանձնաժողովի հանձնարարականներում։
«Սիրցխվիլիա»-ն ընդգծել է՝ երկիրը պետք է «ապաօլիգարխացվի», և բոլոր կետերը «խնամքով» կատարվեն, որից հետո Վրաստանը, ինչպես Ուկրաինան և Մոլդովան, կդառնա ԵՄ անդամակցության թեկնածու երկիր:
«Մենք երախտապարտ ենք Եվրամիության ղեկավարներին Վրաստանի ժողովրդավարական զարգացման և եվրոպական ինտեգրմանն ուղղված քայլերում նրանց անխոնջ աշխատանքի համար։ Մենք բազմիցս տեսել ենք անվերապահ աջակցություն վրաց ժողովրդին։
Վրաց ժողովրդի ընտրությունն անսասան է, միասնական ու սկզբունքային։ Վրաստանը Ուկրաինայի և Մոլդովայի հետ միասին կդառնա Եվրամիության անդամ: Սպասում ենք ձեզ այսօր՝ ժամը 20:00-ին, խորհրդարանի դիմաց»,-ասված է հայտարարության մեջ:։
Նշենք, որ այսօր՝ հունիսի 24-ին, ժամը 20:00-ին «Սիրցխվիլիա»-ն «Տուն՝ դեպի Եվրոպա» խորագրով հերթական ակցիան է անցկացնելու։
Կարդացեք նաև՝
«Տուն՝ դեպի Եվրոպա». հունիսի 24-ին նոր հանրահավաք է նախատեսված