Խաղաղ ցույց անցկացնելիս վրաց ժողովուրդը հանդիպեց միայն բռնության և բռնաճնշումների. հրաժարվում է դառնալ ռուսական գաղութ։ Այս մասին հայտարարություն է տարածել ԱՄՆ Կոնգրեսի Հելսինկյան հանձնաժողովը:
«Վրաց ժողովուրդը դուրս եկավ փողոց խաղաղ ցույցի հանուն իր ինքնիշխանության, ժողովրդավարության և եվրոպական ապագայի, սակայն դիմավորեցին միայն բռնությունն ու ռեպրեսիաները։ Նրանք հրաժարվում են դառնալ ռուսական գաղութ։ Կանգած ենք վրաց ժողովրդի կողքին», — X-ում գրել է Հելսինկյան հանձնաժողովը։
Վարչապետ Իրակլի Կոբախիձեն նոյեմբերի 28-ի երեկոյան հայտնեց եվրաինտեգրման գործընթացը կասեցնելու որոշման մասին։ Նրա հայտարարությունից անմիջապես հետո հազարավոր քաղաքացիներ ինքնաբուխ հավաքվել են ինչպես Թբիլիսիում՝ խորհրդարանի շենքի մոտ, այնպես էլ Վրաստանի տարբեր քաղաքներում՝ Բաթումիում, Զուգդիդիում, Քութայիսիում, Գորիում։
Թբիլիսիում ոստիկանությունը կեսգիշերից հետո սկսել է բռնի կերպով ցրել ցույցը: Ոստիկանությունը ցուցարարների դեմ կիրառել է ջրցան մեքենաներ, պղպեղի սփրեյ և արցունքաբեր գազ։ Հանրահավաքի մասնակիցներից 43-ը բերման է ենթարկվել, 22 լրագրող ֆիզիկական բռնության զոհ է դարձել։
Նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի խոսքով՝ այսօր ոչ լեգիտիմ իշխանությունը պատերազմ է հայտարարել սեփական ժողովրդին։ Ընդդիմության գնահատմամբ՝ կառավարությունը պաշտոնապես փոխել է երկրի արևմտյան ուղին։ ՀԿ-ները քաղաքացիներին կոչ են անում չհամաձայնել «Վրացական երազանք»-ի որոշման հետ: